Operativ.am-ը գրում է.

Կորոնավիրուսի համավարակը Գերմանիայի տնտեսությունը կընկղմի ամենախորը ռեցեսիայի մեջ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հայտարարել է ԳԴՀ էկոնոմիկայի նախարար Պիտեր Ալտմայերը, հայտնում է Reuters-ը։

«Մենք բախվում ենք լուրջ խնդիրների ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով»,- Բեռլինում լրագրողներին ասել է Ալտմայերը՝ ներկայացնելով կառավարության նորացված կանխատեսումը Եվրոպայի ամենամեծ տնտեսության աճի վերաբերյալ:

2020թ․ Բեռլինը իջեցրել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի գնահատումը մինչեւ -6,3%՝ հունվար ամսին կանխատեսված + 1,1%-ից: Ակնկալվում է, որ երկրորդ եռամսյակում անկումը կհասնի իր գագաթնակետին, իսկ դրանից հետո տնտեսական ակտիվությունը կրկին կվերականգնվի, եթե վարակների երկրորդ ալիք չլինի:

2021թ. կառավարությունն ակնկալում է տնտեսական վերականգնում + 5.2% աճի տեմպով: Կանխատեսումները հիմնված են այն ենթադրության վրա, որ իշխանությունները կարող են աստիճանաբար վերացնել կորոնավիրուսի տարածումը զսպելու համար ներդրված սահմանափակող միջոցները:

Ալտմայերը նշել է, որ Գերմանիան չպետք է շտապի թուլացնել միջոցառումները, քանի որ դա կբարձրացնի կորոնավիրուսի վարակի երկրորդ ալիքի ռիսկը, ինչը կարող է խոչընդոտել տարվա երկրորդ կեսին սպասվող տնտեսական վերականգնմանը: «Եթե մենք աստիճանաբար հանենք տնտեսական եւ սոցիալական սահմանափակումները, ապա կարող ենք սկսել դանդաղ վերականգնում տարվա երկրորդ կեսին»,- ասել է նա։

Ռոբերտ Կոխի անվան վարակիչ հիվանդությունների ինստիտուտի տվյալների համաձայն՝ Եվրոպայի ամենախիտ բնակեցված երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 157 641 հաստատված դեպք եւ մահվան 6115 դեպք:

Կառավարությունը ակնկալում է, որ սպառողական գների ինֆլյացիան 2020թ․ կիջնի մինչեւ 0,5%, իսկ 2021թ. կվերականգնվի մինչեւ 1,5%: Գործազրկության մակարդակը 2020 թվականին հասել է 2,62 միլիոնի:

Ալտմայերի խոսքերով՝ կառավարությունը քննարկում է առավել տուժած ոլորտներին, ինչպիսիք են ռեստորանները, հասարակական սնունդը եւ ոլորտային ցուցահանդեսները, օգնելու հետագա միջոցառումները: Նախարարը նաեւ կարեւորել է հետճգնաժամային խթանիչ փաթեթի առնչությամբ Բեռլինի պլանները՝ տնտեսական վերականգնմանը աջակցելու համար՝ հավելելով, որ կառավարությունը ցանկանում է աջակցել մասնավոր սպառմանը:

Խթանող փաթեթի վերաբերյալ կանցլեր Անգելա Մերկելի իշխող կոալիցիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից քննարկվող առաջարկները էլեկտրամոբիլների գնման ավելի բարձր դրամական խթան են պարունակում։

Գերմանիան արդեն հաստատել է տնտեսությունը փրկելու միջոցառումների ավելի քան 750 միլիարդ եվրոյի նախնական փաթեթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել