Հոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդը վտանգավոր միջադեպի պատճառ է դարձել Կալիֆոռնիա նահանգի հարավում գտնվող օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով TMZ կայքում հրապարակված հաղորդագրությունը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 24-ին Լոս Անջելեսի Hawthrone օդանավակայանում: Դերասանը, գտնվելով Aviat Husky միաշարժիչ ինքնաթիռի ղեկին, հատել է օդանավակայանի միակ թռիչքուղին այն պահին, երբ մեկ այլ ինքնաթիռ վայրէջք կատարելիս է եղել:
«Հարիսոն Ֆորդն իր ինքնաթիռով հատել է թռիչքուղին՝ ոչ ճիշտ հասկանալով ավիակարգավարների հրահանգները»,- կատարվածը մեկնաբանել է դերասանի ներկայացուցիչը՝ հավելելով, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, բախման վտանգ չի եղել:
77-ամյա Ֆորդը նախկինում ևս հայտնվել է նմանօրինակ իրավիճակներում ինքնաթիռը ղեկավարելիս: 2015 թվականին նա նույնսիկ բազմաթիվ վնասվածքներ էր ստացել գոլֆի դաշտում կոշտ վայրէջք կատարելու ժամանակ: