19 աստղակերպեր, որոնք վերջերս ուսումնասիրվել են ֆրանսիացի և բրազիլացի գիտնականների կողմից, պարզվում է՝ Արեգակնային համակարգի տարածքում են հայտնվել այլ աստղերից հեռանալուց հետո։ Դրանք ծնունդ չեն առել նույն տարածքում, որտեղ ստեղծվել են մոլորակները, այդ թվում՝ Երկրագունդը։ Այս մասին, ըստ shantnews.am-ի՝ հայտնում է Lenta-ն։
Գիտնականները նախ ֆիքսել են, որ այդ օբյեկտները շարժվում են մոլորակների շարժման հակառակ ուղղությամբ։ Այսինքն եթե մոլորակները առաջացել են նույն ուղությամբ ընթացող փոշու և այլ մասնիկների միավորումից, ապա այդ օբյեկտները վստահաբար նույն կերպ չեն ձևավորվել։ Հետևաբար, դրանք Արեգակի ծնունդներ չեն, այլ եկել են այլ աստեղային համակարգերից։
Ենթադրվում է, որ դրանք ուղղակի անցնում էին Արեգակնային համակարգի հարակից տարածքով, երբ Արեգակի ձգողությունը նրանց ներքաշեց իր ոլորտ։ Այդ աստղակերպերը գիտնականներին թույլ են տալու ավելի խորությամբ ուսումնասիրել Արեգակնային համակարգի ծնունդն ու կայացումը։