Երեկ Գյումրիում լկտիությամբ աննախադեպ ու հանդուգն միջադեպ է տեղի ունեցել: Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործով մեղադրվող Կարեն Եսայանի դատավարության հերթական նիստից հետո Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իրեն ուղեկցող հրոսակախմբի հետ ծեծի է ենթարկել ամբաստանյալի հորը:
Ի՞նչ է սա նշանակում: Վարդանիկն իր այս քայլով թքում է ՀՀ արդարադատության ու իրավական համակարգի երեսին ու ասես փորձում է ապացուցել, որ օրերս ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարված Գյումրիում դոմինանտ մշակույթն է զոռբայությունն ու հղփացածությունը: Սա անարգանքի դրսևորում էր ոչ միայն դատարանի, այլև Հայաստանի պետականության, արդարության ու ժողովրդի նկատմամբ:
Իրավիճակի ճղճիմությունն էլ ավելի սուր է ուրվագծվում, երբ հետևում ես, թե ինչ վարք է իրեն թույլ տվել Վարդանիկն այլ նիստերի ժամանակ: Ընդհանրապես, նայելով տեսագրությունները, այնպիսի տպավորություն է, որ գործ ունենք ոչ թե նախկին քաղաքապետի հետ, այլ ամենակարող ու ամենազոր մի գերէակի, ում առջև կծկված նստած է դատավորը, ով իրեն թույլ է տալիս աջ ու ձախ վիրավորանքներ տեղալ մեղադրվող կողմի ու այդ կողմի կողմնակիցների վրա, իր հայեցողությամբ աղմուկ հրահրել դատական նիստերի դահլիճում և իր իսկ հայեցողությամբ կասեցնել այդ աղմուկը: Իր հայեցողությամբ ներս ու դուրս հրավիրել լրագրողներին և իր հայեցողությամբ լքել դատարանի դահլիճը… ու այս իրավիճակի տխրությունը իրենով մարմնավորում է դատավորը, ով անզոր որբի պես կուչ եկած նստած է իր բարձր աթոռին և ազատ ունկնդրի գործառույթ է ստանձնել իր վրա…
Ակնհայտ է, որ մենք գործ ունենք ոչ թե առանձին վերցված անհատ լկտիության հետ, այլ այս դրվագով հերթական անգամ առնչվում ենք հայաստանյան հիվանդագին մի երևույթի հետ, որ կոչվում է «Ձայն բերող տղու» ֆենոմեն: Իշխանությունները տարիներ շարունակ հովանավորել են նմաններին` վերածելով նրանց լոկալ ֆեոդալի, ովքեր իրենց կալվածքներում ապրողներին վերաբերվում են իբրև ստորակարգ ինչ-որ էակների: Ու ցավալի է, որ տարիների ընթացքում «ձայն բերող տղան» այնքան է հավատացել իր անպատժելիությանն ու ամենազորությանը, որ անգամ կորցնելով պաշտոնը` նա չի էլ պատրաստվում դույզն-ինչ վերանայել իր վարքը և իր իրավասությունները: Ընդհակառակը, ամեն օր ենք լսում, որ խոչընդոտում է նոր քաղաքապետի աշխատանքներին:
Ժամանակն է սկսել ինքնամաքրումը: Իշխանությունը պետք է մաքրվի վարդանիկներից, լիցկաներից ու նեմեցներից: Մարդիկ, ովքեր իրենց օրենքից վեր են համարում, պաշտոն զբաղեցնելու և իշխանական համակարգում տեղ ունենալու իրավունք չունեն:
Իշխանական համակարգը վերջապես պետք է մութ ու անօրեն 90-ականների վարքուբարքից անցում կատարի դեպի 21-րդ դարի հասարակությանը հարիր վարքուբարքի, իսկ դրա համար պետք է հրաժարվել «ձայն բերող լավ տղերքից», նրանց արածների վրա աչք փակելու խասյաթից` նրանց էմպիրիկ բարձրունքներից սովորական մահկանացուների դասին վերադարձնելով:
Եթե Վարդանիկին պատժեն, սա ակնառու դաս կլինի ոչ միայն Վարդանիկի համար, այլև պարզորոշ ու միանշանակ մյուս նմաններին, որ «Տղե՛րք, բեսպրեդելը պրծավ: Մենք երկիր ենք ու հասարակություն, որտեղ կան օրենքներ, ու չկան օրենքից վեր մարդիկ, անկախ նրանից, թե ինչ վաստակ են նրանք ունենում այդ երկրում ու հատկապես այդ երկրում տեղի ունեցող ընտրություններին»:
Ցավոք, րոպեներ առաջ հերքվեց այն տեղեկությունը, որ Վարդանիկի դեմ քրգործ է հարուցվել: Ոստիկանությունից ասացին, որ լրագրողները ամեն ինչ սխալ են հասկացել: Կարևորը` դուք ամեն ինչ ճիշտ եք հասկանում, իսկ ես այս երկրում ինձ ապահով չեմ զգում: