Pastinfo.am-ը գրում է․

Երկու տարի առաջ՝ ապրիլ, երրորդ դեկադա, հեղափոխական ալիքի ապոգեյ. Սերժ Սարգսյանի հրաժարական՝ թավշյա, անցնցում…  Ասաց՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը»
Փողոցներում՝ ուրախություն ու ցնծություն. 2018-ի ապրիլի 23-ն էր: Հիմա, երկու տարի անց՝ ի՞նչ ունենք: «Փաստինֆո»-ն զրուցել է հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ

- ՈՒրախ ու ցնծացող ժողովուրդը որտե՞ղ է… Ընդհանրապես, ինչպիսի՞ տրամադրություններով են համակված մարդիկ:

-Քանի որ հիշեցիք Սերժ Սարգսյանի խոսքը, ես ուզում եմ հիշեցնել, որ նա վերջում տրամաբանություն ցանկացավ: Ճիշտն ասած, իր խոսքի մեջ՝ «Ես սխալ էի, Նիկոլը ճիշտ էր»՝ հանելուկ կա, շարունակում է լինել, իսկ տրամաբանություն ցանկանալն արդեն ակնհայտ է դարձնում շատ բան: Երկու տարի առաջվա տրամադրությունները, մարդկանց ցնծությունը հիշում ենք: Եվ եթե այս ամենն անարյուն ավարտվեց, այդտեղ իհարկե, մեծ լումա ունի Սերժ Սարգսյանը: Հենց այդ պահին՝ երբ նայում էինք պրոցեսներին, շատ ճշգրիտ մեխանիզմներ էին օգտագործված, հեղափոխությունների իրականացման արդեն իսկ մշակված մեխանիզմներ, որոնք համեմատելիս անգամ՝ կետ առ կետ համապատասխանում են: Այստեղ իրականացվում էր գունավոր հեղափոխությունների ամենաստոր ձևերից մեկը՝ երեխաներին փողոց դուրս բերելը, ինչը սրբապղծություն է: Եվ իր ելույթներից մեկում Փաշինյանը շատ գեղեցիկ ներկայացրեց իր արածը՝ սկզբում դուրս եկան երեխաները, հետո ավագ եղբայրներն ու քույրերը, հետո՝ ծնողները, իսկ վերջում՝ տատիկ-պապիկները: Այսինքն, հե՛նց այդ պահին ողջամիտ մարդիկ, որոնք հիասթափված լինելով նախկին իշխանություններից և ոգևորված՝ հնչող կոչերով, միևնույն է՝ մտածում էին, երեխաներին չարժեր փողոց հանել: Երբ երեխաներին փողոց են հանում, ամեն դեպքում, կա հեռանկար, որ կարող են կրակել: Այսինքն, ի սկզբանե երեխաների թիկունքի հետևում պատսպարվելով էր բանը… Մենք Հայաստանում չենք հիշում մի ղեկավար, որը երեխաներին թիրախավորած լիներ: Այդ քայլն, ի դեպ, երեխաներին փողոց հանելը, ես համարում եմ հեղափոխության ամենաստոր քայլերից մեկը:

Իսկ ի՞նչ է, Փաշինյանը վստա՞հ էր, որ պրովոկացիաներ չէին լինի, կամ՝ հավաքված ժողովրդի մեջ բախումներ չէին կարող հրահրվել: Ցավոք, աշխարհում ևս նման պրոցեսների մեջ երեխաների հանգամանքը օգտագործվում է: Հիշու՞մ եք՝2008-ի մարտի 1 -ին՝ «երեխայի կոշիկի» դրվագը: Եվ թեպետ այն ժամանակ երեխա չկար, երեխայի կոշիկ հորինեցին ու այդ պրովոկացիան ի՜նչ էֆեկտ տվեց: Երեխան սրբություն է մեր ազգի համար, մենք երեխաների հանդեպ հատուկ պաշտամունք ունենք:
Բայց այս ամենը հաշվի չառնվեց և երեխաներին մեջտեղ բերելով՝ փողոցները լցնելու աշխարհում փորձարկված տեխնոլոգիան կիրառվեց: Այս ամենի միջով, մենք ցավոք անցանք:
Ինչ վերաբերվում է մարդկանց տրամադրություններին, ապա նրանց մի մասը շատ արագ հասկացավ՝ ինչն ինչոց է, մի մասն իր նախկին դիրքորոշումներից երկար կառչեց՝ ի վերջո, համալրելով հիասթափվածների շարքերը, իսկ ինչ- որ մարդիկ դեռևս շարունակում են կառչած մնալ իրենց նախկին ցանկություններին: Նկատենք, որ, արդեն դեկտեմբերին, հապճեպ նախաձեռնած ընտրությունների գործոնը տեսնելով շատերը միանգամից հասկացան, որ հետաձգումը Փաշինյանի համար հիասթափության ալիքի տարածում է նշանակում, որից ելնելով էլ նա գնաց խորհրդարանական ընտրությունների:

-Մարդկանց՝ մոդելավորումն ըստ Փաշինյանի ի՞նչ է ցուցանում:

-Դասակարգումը լավ բան է, բայց այստեղ ես տեսա մարդու, որն արդեն բախվել է իր համար անցանկալի ճշմարտությանը: Գործիքակազմի տեսակետից սպառման զգացողություն ունի արդեն, իր գործիքները մաշված են և նա դա զգում է արդեն: Ընդ որում, հասկանում է, որ ոչ միայն հիասթափված են նրանք, որոնք իրեն բերել են իշխանության, այլև հիասթափությունն է գլուխ բարձրացրել իրե՛նց ներսում:

-Ի դեպ, մոդելովորման համատեքստում էլ ազնիվ չէ, քանզի հիասթափվածների հիմնական մասը անվտանգային խնդիրներում, Արցախի հարցում ոչ հստակ դիրքորոշման համար է անվստահությամբ համակված:  Ի վերջո, ինչ՞ով եք բացատրում այն հանգամանքը, որ սկզբից մինչ այս պահը Փաշինյանը՝ նախկիններին քննադատելու, նախկիններով սպառնալու իր օրակարգը չփոխեց:

-Նախկինների հանդեպ, բոլորն էլ որոշակի վերաբերմունք՝ դժգոհության տեսքով ունեցել են: Բայց շատ մարդիկ, ավելի բարձր բանականություն ունեցող, ասում էին՝ ճիշտ է ասում, բայց ի՞նքն ուր է տանում, իր ծրագի՞րն ու՞ր է: Ի վերջո, ո՛րն է իր տեսլականը, ինքը ո՞նց է պատկերացնում: Մինչ այսօր ոչ մի հստակ բան չի ասել: Բացի այն, որ մի օր հայտարարեց, թե՝ «իզմեր» չունի: Հարց է ծագում՝ եթե դու այսօրվա աշխարհում չունես որևէ «իզմ», չունես որևէ գաղափարախոսություն, ուրեմն դառնում ես ուրիշի «իզմի» իրականացնողը:

Իսկ նախկիններով վախեցնելու այն փաստարկները, որոնք առաջ ուժեղ էին, այսօր չի աշխատում: Նախկինների նկատմամբ ատելության վրա կատարված հեղափոխությունը, որն իր հիմքում ուներ զայրույթ, զզվանք և արհամարհանք, և որտեղ հատկապես զայրույթի էլեմենտն էր դոմինանտ, հիմա նորովի է դրսևորվում: Հիմա իր հանդեպ նույնպես կա ատելության կուտակում: Զզվանք, զայրույթ, արհամարհանք, իսկ այս կուտակումը շատ վտանգավոր բռնկումներ կարող է ունենալ:

Իսկ Արցախի հարցում՝ բոլորս ենք զգում, որ մեր թիկունքի հետևում ինչ-որ գործընթացներ են ծավալվել-ծավալվում:

Պարզ հարգանք ունեցեք ժողովրդի հանդեպ՝ բարձրաձայնե՛ք, ասե՛ք՝ ի՞նչ կետի վրա եք աշխատում: Իրենք մոռանում են, որ Հայաստանը լուրջ ու կրթված մարդկանցից է բաղկացած: Որ մեզ իր փիփերթ-փարթիները հետաքրքիր չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել