Pastinfo.am-ը գրում է․

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է մոտ 20 մլն դոլարի չափով կաշառք տալու մեջ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը: 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Սեդրակ Առուստամյանը կալանավորվել է. ԱԱԾ-ում քննվող քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և կաշառք տալու համար:

Մանրամասնելով առաջադրված մեղադրանքի էությանը՝ Հովիկ Սուքիասյանն ասաց, որ Առուստամյանը դեռևս 2009-2011 թթ-ին փոխառության պայմանագրով տոկոսով գումար է տվել երկու անձի:

«Այդ գումարները նա վճարել է բանկային փոխանցումների միջոցով: Հիմա մարդուն մեղադրում են՝ թե դու 8-10 տարի շարունակ չես ստացել փոխառության տոկոսները և գումարները, նշանակում է՝ կաշառք ես տվել: Խոսքը մոտ 20 մլն դոլարի մասին է: Պայմանագրերը երկու անգամ երկարացվել են, այս պահին իրավական արժեք ունեն, իրավական ուժ ունեն, այսինքն՝ զուտ քաղաքացիաիրավական հարաբերություն է Առուստամյանի և մյուս կողմի միջև»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ առաջադրված մեղադրանքում և կալանքի միջնորդությունում բացակայում են փաստական և իրավական հիմքերը:
Հարցին, թե արդյո՞ք որևէ մեկը ցուցմունք է տվել Առուստամյանի դեմ, փաստաբանը պատասխանեց, որ դատարան ներկայացված գործի նյութերով չկա որևէ տվյալ, որ որևէ մեկը վկայել է Առուստամյանի դեմ:

Սեդրակ Առուստամյանը ապրիլի 23-ի երեկոյան հրավիրել էր ԱԱԾ՝ հարցաքննության՝ վկայի կարգավիճակով, սակայն այնտեղ պարզվել էր, որ նա ունի կասկածյալի կարգավիճակ ու ձերբակալվել էր, իսկ ապրիլի 25-ին դատարանը բավարարեց Առուստամյանին կալանավորելու մասին միջնորդությունը:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկատվության՝ Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ ցուցմունք կորզելու նպատակով։

Նշենք, որ ԱԱԾ-ում են քննվում նաեւ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին վերաբերող քրեական գործերը, որոնցից մեկով կալանավորված են Գ.Խաչատրյանն ու նրա եղբորորդին, իսկ մյուսով մեղադրանք է առաջադրվել որդուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել