Հավանաբար յուրաքանչյուր կին եղել է այնպիսի իրավիճակում, երբ զգում ես, որ դիմացինդ ցանկանում է ծանոթանալ քեզ հետ, խոսել, սակայն ինչ -որ բան նրան թույլ չի տալիս անել դա: Հետաքրքիր է՝ ինչու են տղամարդիկ խուսափում ծանոթությունից կամ առաջին քայլ անելուց:
Մերժվելու վախ
Այս պատճառն ամենատարածվածն է: Տղամարդը վախենում է, որ կինը կմերժի իրեն, չի ցանկանա ծանոթանալ: Իսկ եթե մարդաշատ վայրում են, այդ վախը տասնապատկվում է, քանի որ մերժումը կլինի հանրորեն, և իր ձախողման մասին կիմանան բոլորը:
Վախ համաձայնությունից
Ինչքան էլ որ պարադոքսալ հնչի, այսպիսի բան իսկապես կա: Նրանք վախենում են ոչ միայն մերժվելուց, այլև այն դեպքերից, երբ աղջիկը կարող է հեշտությամբ ծանոթանալ: Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչից խոսել, ինչպես խոսել, որպեսզի հիմարի տպավորություն չթողնել: Այսպիսի վախը հատուկ է ամաչկոտ տղամարդկանց, ովքեր ծանոթությունից հետո այդպես էլ չեն համարձակվում վերցնել հեռախոսն ու զանգահարել աղջկա հեռախոսահամարով:
Ծիծաղելի դրության մեջ ընկնելու վախ
Ով-ով, բայց կանայք լավ գիտեն՝ ինչպես մեկ արտահայտույամբ ոչնչացնել դիմացինին: Աղջիկները շատ հաճախ սուր լեզու են ունենում, որի օգնությամբ էլ հեշտությամբ խայթում են, վիրավորում: Տղամարդիկ այս հարցում շատ զգույշ են, նրանք տանել չեն կարողանում, ամեն կերպ խուսափում են ծիծաղի առարկա դառնալուց: Նրան հաճելի չէ, երբ կինն իր հասցեին սանձարձակ կատակ է անում, սրամտում:
Վախ գեղեցիկ կնոջից
Այո, լինում է նաև այսպես: Միշտ չէ ,որ տղամարդկան անվստահությունը ծանոթության հարցում կապված է վախերի հետ: Եթե սրճարանում տղամարդիկ տեսնում են շատ գեղեցիկ կնոջ՝ նստած միայնակ, որն իր համար որևէ զբաղմունք է գտել, ապա, չգիտես ինչու, ոչ ոք չի մոտենում, չնայած որ բոլորի հայացքները պարզապես չեն կտրվում նրանից: Այս դեպքում ամենահաճախ հանդիպող պատասխանն այն է, որ տղամարդիկ ենթագիտակցորեն չեն կարողանում հավատալ, որ այս կինն ազատ է, որ այդպիսի գեղեցիկ կինը կարող է միայնակ լինել: Բացի այդ, այս կանանց մասին տղամարդիկ մի շատ տարածված կարծիք ունեն. նրանք սառն են, հանդուգն և չափազանց ինքնավստահ:
Արդեն զբաղված է
Մենք փորձում ենք ճշտել, թե ինչու տղամարդիկ չեն մոտենում առաջինը, չեն առաջարկում ծանոթանալ, բայց մոռանում ենք մի շատ նուրբ հարց. գուցե նրանք արդեն զբաղված են: Հնարավոր է՝ նա պարզապես հիանում է Ձեր գեղեցկությամբ, բայց արդեն ունի մեկը, ում հետ լուրջ հարաբերությունների մեջ է և ավելորդ արկածներ նրան պետք չեն: