Շվեդ գիտնականները պարզել են սուրճի պատրաստման լավագույն տարբերակը, ինչը նվազեցնում է սրտի հիվանդությունների առաջացման վտանգը: Պարզվել է, որ ֆիլտրած ըմպելիքն ամենաապահովն է և կարող է երկարացնել կյանքը: Հոդվածը տպագրվել է European Journal of Preventive Cardiology ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել են 20-79 տարեկան 508747 տղամարդ և կին: Կամավորները լրացրել են հարցաթերթիկներ` օգտագործած սուրճի քանակի և տեսակների վերաբերյալ և տվյալներ այն գործոնների մասին, որոնք կարող են ազդել ինչպես սուրճի սպառման, այնպես էլ սրտի հիվանդությունների վրա: Այս լրացուցիչ գործոններն են ծխելը, կրթությունը, ֆիզիկական ակտիվությունը, հասակը, քաշը, զարկերակային ճնշումը և արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
Կամավորների առողջությանը հետևել են 20 տարի: Ընդհանուր առմամբ, մահացել է 46 461 մարդ, որոնցից 12 621-ը՝ սիրտ-անոթային հիվանդություններից, այդ թվում՝ 6202 մարդ մահացել է սրտի կաթվածից:
Պարզվել է, որ ֆիլտրած սուրճ օգտագործողների շրջանում մահվան ռիսկը 15 տոկոսով ցածր է, քան նրանց դեպքում, ովքեր սուրճ չեն խմում: Սուրճը տղամարդկանց մոտ 12 տոկոսով նվազեցրել է սիրտ-անոթային հիվանդություններից մահանալու վտանգը, իսկ կանանց շրջանում՝ 20 տոկոսով: Ամենացածր մահացությունը դիտարկվել է օրական 1-4 բաժակ ֆիլտրած սուրճ խմողների մոտ: Այնուամենայնիվ, ֆիլտրած սուրճը բարձրացնում է արյան խոլեստերինը, ինչը մեծացնում է 60 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ մահվան վտանգը: