Blognews.am կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կայքը գտնվում է DDoS հարձակման տակ։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում լրատվամիջոցի վրա ցանկացած տեսակի հարձակում և կոչ է անում ՀՀ իշխանություններին ու իրավապահ մարմիններին հնարավորինս արագ վերականգնել լրատվամիջոցի ազատ և անխափան գործունեությունը:

Կառավարության նիստերի ընթացքում վարչապետը բազմիցս հրապարակավ դիմել է իրավապահ մարմինների ղեկավարներին` պահանջելով միջոցներ ձեռնարկել ապատեղեկատվություն տարածող ֆեյքերի դեմ: Հաշվի առնելով ֆեյքերի դեմ պայքարի օրակարգը` «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հուսով է, որ ՀՀ իշխանություններն ու իրավապահ մարմինները գործով կապացուցեն, որ խոսքի ազատությունը և լրատվամիջոցների ազատ գործունեության ապահովումն առաջնային ու օրակարգային են իշխանությունների համար, և Կառավարությունն ի զորու է ապահովելու լրատվամիջոցների ազատ ու անխափան գործունեությունը:

Blognews.am կայքի վրա DDoS հարձակման փաստը չբացահայտելը և մեղավորներին պատասխանատվության չենթարկելը կարող է դիտարկվել որպես իշխանությունների կողմից լրատվամիջոցների ազատ գործունեությունը խոչընդոտելուն միտված նպատակաուղղված քայլ, ինչը, միանշանակ, բացասական է անդրադառնալու միջազգային կառույցներում ժողովրդավարության և ազատ խոսքի մասով Հայաստանին վերաբերող զեկույցների վրա: Հուսով ենք, որ Blognews.am կայքի վրա տեղի ունեցող հարձակումը կդադարեցվի, և կայքը կվերադառնա իր բնականոն գործունեությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել