Խոր ցավով և մեծագույն ափսոսանքով ստացա մեր ազգի նվիրյալ զավակներից մեկի`«Թավիթյան» հիմնադրամի նախագահ, ամերիկահայ բարերար, ՀՀ Պատվո շքանշանի ասպետ Ասո Թավիթյանի մահվան գույժը:
Երկրային կյանքին հրաժեշտ տվեց հիրավի բացառիկ անհատականություն:
Ասոյի բազմաթիվ հայրենանվեր ձեռնարկումները Հայաստանի անկախությունից ի վեր անգնահատելի են:
Նա հատկապես նախանձախնդիր էր մեր նորանկախ պետության համար ամենատարբեր ոլորտներում մրցունակ` կիրթ և բարձր որակավորմամբ կադրեր պատրաստելու գործին աջակցության հարցում: Իր ստեղծած «Թավիթյան» հիմնադրամի միջոցներով անցած տասնամյակների ընթացքում Հայաստանի պետական համակարգում աշխատող հարյուրավոր երիտասարդներ կրթություն են ստացել ԱՄՆ-ի «Թաֆթս» համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և
դիվանագիտության դպրոցում և իրենց գիտելիքները լավագույնս ծառայեցրել Հայաստանի Հանրապետությանը:
Չափազանց մեծ է Ասո Թավիթյանի ներդրումը նաև հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում:
Խորին վշտակցություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնց համար թանկ է նրա պայծառ հիշատակը, որոնց կյանքը Ասոն իր բարի գործերով փոխել է:
Ցավակցում եմ մեզ բոլորիս, քանզի կորցրեցինք հայրենանվեր որդի:
Սգում եմ իմ լավ բարեկամի անդառնալի կորուստը, աղոթում նրա ազնիվ հոգու համար:
Բարին գործելը Ասոյի հավատամքն էր, և այդ գործերն էլ վստահաբար այսօր ներկայացնում են նրան իր երկրային և երկնային կյանքում:
Հանգչիր խաղաղությամբ, սիրելի՜ Ասո:
Աստված թող լույսի և խաղաղության մեջ պահի հոգիդ: