Iravunk.com-ը գրում է.
Հրաչյա Հարությունյանի քրոջ դուստրը՝ Անահիտ Մայիլյանը , այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսին զսպելով հուզմունքն ու արցունքները ասաց, որ իր մորեղբայրը մեկնել էր Մոսկվա, որպեսզի գումար վաստակի և 21 տարեկան հասակում՝ մեկ տարի առաջ մահացած որդու գերեզմանը սարքի.
«Ամբողջ կյանքի ընթացքում աշխատել է իր ընտանիքի համար, թողել է իր երկու տարեկան աղջկան, փոքր տղային և 90-ականներին կամավոր գնացել է պաշտպանելու յուրաքանչյուրիս:
Ես ԶԼՄ-ներում կարդացել եմ, թե նա փրկել է իր կաշին դուրս գալով մեքենայից, բայց ես վստահ եմ, նա այդ մարդը չի:
Երբ որ տարել են դատարան, ինքը դեռ եղել է դեղերի ազդեցության տակ, չեմ կարում հասկանալ այն փաստը, թե ինչու են իրեն դեղերով վեր կացրել ու տարել: Հոգեբաններն ել կարող են նկատել, իր յուրաքանչյուր շարժումը նորմալ հոգեկան ունեցող մարդու շարժում չի, ինքը ահավոր մեծ տրավմա է տարել: Ճանաչելով իրեն ես գիտեմ, որ ինքը հիմա չի մտածում, թե իրեն ինչ պատիժ կտան, առաջինը այդ մարդկանց մասին է մտածում:
Բոլոր ընտանիքի անունից ցավակցում եմ շատ ահավոր բան է տեղի ունեցել, ահավոր, բայց ես խնդրում եմ ուղղակի...»,-արցունքների միջից ասաց Անահիտը:
Նա տեղեկացրեց նաև, որ Մոսկվայի իրենց բարեկամներին մինչ օրս չեն թույլատրել այցելել Հրաչյային և այսօրվա դրությամբ նա արդեն գտնվում է քննչական մեկուսարանում, քանի որ բժիշկների խսքով ֆիզիկական խնդիրներ չունի, պարզապես գտնվում է ծանր հոգեվիճակում:
Մարինե Բարսեղյան