Երկուդոլարանոց թղթադրամը շրջանառության մեջ է մտել 1862 թվականին եւ մինչ այժմ թողարկվում է: Մի քանի անգամ վերաթողարկվել եւ փոխել է իր ձեւը: Ժամանակակից թղթադրամի վրա պատկերված է ամերիկյան նախագահ Թոմաս Ջեֆերսոնը, մյուս կողմում` Անկախության հռչակագրի ստորագրումը պատկերող հայտնի նկարը:
Այն ամերիկյան ամենահազվագյուտ թղթադրամն է, եւ ցանկացած նման թղթադրամ մնում է դրամապանակներում ու այլեւս չի օգտագործվում:
Ժամանակի հետ այս թղթադրամների թողարկման ծավալը գնալով փոքրացել է եւ տարբեր պատճառներով 2-դոլարանոցները մեծ ժողովրդականություն չեն վայելել, իսկ 1966-1976 թթ․-ի ընթացքում ընդհանրապես դադարեցվել է այդ արժեքով թղթադրամների թողարկումը:
Անկախության հռչակագրի ստորագրման 200-ամյակին` 1976 թ., 2-դոլարանոցները դարձյալ սկսեցին թողարկվել: Առաջին թղթադրամը շրջանառության մեջ դրվեց 1976-ի ապրիլի 13-ին: Դրամագետները եւ հատկապես հեռատես մարդիկ, որոնց ձեռքն այդ օրը 2-դոլարանոց ընկավ, շտապեցին փոստ` հատուկ մարման կնիք դնելու: Ապրիլի 13-ի մարումով եւ 13 ցենտանոց դրոշմանիշով թղթադրամներն առանձնահատուկ կերպով գնահատվում են կոլեկցիոներների կողմից:
Հազվագյուտության պատճառով ամերիկյան երկուդոլարանոց թղթադրամի շուրջն առասպելներ, սնոտիապաշտական հավատալիքներ եւ պատմություններ են ձեւավորվել: Դրանցից մի քանիսն ինչ-որ կերպ հաստատված են, մի քանիսը` ոչ: Ամեն տեսակ պատմություններ կան թղթադրամի վերաբերյալ. հիմնական առասպելն այն է, որ 2-դոլարանոցները հաջողություն են բերում եւ փողը ձգում են դեպի իրենց տիրոջ դրամապանակը, այդ պատճառով, ինչ-որ մեկի ձեռքն ընկնելով, թղթադրամը հաստատվում է նոր տիրոջ թղթապանակում եւ այնտեղ անշարժ մնում է` ֆիզիկապես դուրս գալով շրջանառությունից, իսկ դա նշանակում է, որ նման թղթադրամների թիվը գնալով նվազում է: Նախկինում ոչ բոլորն էին ընկած հաջողության հետեւից, եւ թղթադրամը հիմնական նշանակությամբ էին օգտագործում, բայց դեպքեր էին լինում, երբ մարդիկ խնդիր էին ունենում, երբ փորձում էին խանութում 2-դոլարանոցով վճարել, որովհետեւ այդ թղթադրամն այնքան հազվագյուտ է, որ ոչ բոլոր վաճառողները գիտեին դրա գոյության մասին եւ մտածում էին, թե փորձում են իրենց կեղծ դրամ տալ:
Հետո էլ 2-դոլարանոցին մոլախաղերի հակման հետ կապ են վերագրում (խաղադրույքները ձիարշավին եւ պոկեր խաղալիս) եւ սեռական ենթատեքստ (մերկապարուհիների թեյավճարները): Տարբերակ կա նաեւ, թե ինչ-որ ժամանակ նավահանգիստների մարմնավաճառների ծառայությունները հենց 2 դոլար արժեին, եւ նավաստիներին հարմար էր հաճույքի համար վճարել մեկ թղթադրամով: Կարճ ասած՝ տարբերակները շատ են:
Չնայած իր հազվագյուտությանը՝ 2-դոլարանոց թղթադրամն այնուամենայնիվ 2 դոլար արժե՝ բացառությամբ որոշ հազվագյուտ նմուշների, օրինակ` հատուկ մարումով: