Factor.am-ը գրում է․
Այսօր մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքը ցանկանում է հասնել նրան, որ հնարավորություն տրվի նրան տեղափոխել Ֆրանսիա՝ բուժումը այնտեղ շարունակելու համար:
«Հայաստանի և Ֆրանսիայի միջև արդեն մեկ ամիս օդային հաղորդակցություն չկա, ինչը նկատի ունենալով՝ նրա ընտանիքի ներկայացուցիչները հետաքրքրվել են մասնավոր օդանավ վարձելու հնարավորությամբ: Ֆրանսիայից օդանավի Հայաստան գալ-գնալը կարժենա 10 հազար դոլար, որը, կարծում ենք, այնքան էլ մեծ գումար չէ
Գրիգորյանի ընտանիքի համար»,- նշված էր հրապարակման մեջ: Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ Անդրադառնալով Գրիգորյանի առողջական վիճակին՝ Բաղդասարյանը նշեց, որ այն կտրուկ վատացել է և հետևանքների պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետությանն է, քանի որ Գրիգորյանին չեն թույլատրում լքել երկիրը։ Օրերս Գրիգորյանի փաստաբանական խումբը նաև հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր․
«Թեև աշխարհում, այս թվում նաև Ֆրանսիայում, մոլեգնում է կորոնավիրուսային համաճարակը, սակայն Ֆրանսիայի այն հիվանդանոցը, որտեղ ժամանակին բուժվել ու վիրահատվել է Մանվել Գրիգորյանը, ծանոթանալով նրա հիվանդության պատմությանը, գրություն ուղարկեց, որ անհապաղ հիվանդին պետք է ուղարկել իրենց կլինիկա: Ի՞նչ արեց առողջապահության նախարարը, նախարարն ասում է, քանի որ գործը դատարանում է, ես ոչ մի որոշում չեմ տա, դիմեք դատարան: Ի՞նչ է ասում դատարանը, ասում է դատարանն առողջապահության հարցերով չի զբաղվում, դատարանը նախարարությանը գրություն չի տա»։
Հիշեցնենք, որ տարեսկզբին կալանքի տակ գտնվող Գրիգորյանի վիճակի կտրուկ վատացման հետևանքով դատախազությունը միջնորդեց նրա կալանքը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ։ Ինչից հետո Գրիգորյանը մի քանի օր հիվանդանոցում մնալուց հետո տեղափոխվեց իր տուն։