Մոտավորապես հենց նման մի աննախանձելի ու վտանգավոր իրավիճակում է այսօր հայտնվել Նիկոլ Փաշինյանը: Մարդ, ով ձեռքի նռնակի օղակն արդեն քաշած մահապարտ ահաբեկչի նման, թվում է, պատրաստ է ամեն ինչի` վտանգելով և՛ իրեն, և՛ իր թիմին, և՛ իր ղեկավարած երկրին, և՛ իր ժողովրդին:
Շատ բան կտայի, որ համացանցից, հնարավոր բոլոր աղբյուրներից ու մարդկանց հիշողությունից ջնջվեր այն, ինչ երեկ աչքս ծակեց. «ՀՀ կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ...»: Այսպես` գոռոզամիտ, վիրավորական, ինքնամեծար: Չեմ ուզում, որ ապագայի իմ որևէ հայրենակից կամ մեր ժողովրդի որևէ բարեկամ այս տողերով պատկերացում կազմեր մեր ու մեր անհոգի ժամանակների մասին: Չի հիշվելու ասվածի և ոչ մի համատեքստ ու առիթ: Ժամանակի փոշին ծանրանալու, մաքրել-տանելու է էդ ամենն ու էս մարդկանց, նրանց անուններն էլ: Փոխարենը հիշվելու է Հայաստանի կառավարության նախադեպը չունեցող այս ամբարտավան կեցվածքն ու այն բաց գժտությունը, որ այս ու այլ տողերով Փաշինյանի (այլևս անքննելիորեն այլածին ու մանկուրտ) կառավարությունն արդեն որքան ժամանակ է, ինչ հրահրում է սեփական եկեղեցու ու սեփական պատմության, մեծ հաշվով` սեփական ժողովրդի ու նրա ապագայի դեմ:
Չգիտեմ, թե ինչ տողերով ու ինչ բառերով արտահայտեմ զայրույթս: Ախր եկեղեցին անձ չէ: Այն միայն մեր հոգու տունը չէ: Այն նաև մեր, մեր նախնիների ու մեր ապագա սերունդների ինքնության մի սյունն է: Գնացե՛ք, սեփական ձեռքերով ջարդեք-փշրեք էդ ու մյուս բոլոր կարևոր սյուներն ու դարձե՛ք ինքնությունից զուրկ, կենսագրություն ու հիշողություն չունեցող, սեփական ճամփան կորցրած, որկրամոլ ու չարացած, մոլորյալ մի թափառական, մինչև վրա կհասնի առաջին մեծ արհավիրքը, կամ կհանդիպի առաջին գազանը:
Ես չգիտեմ, թե արդյոք Հայ առաքելական եկեղեցին այս անպատիվ իրավիճակում մեր աջակցության կարիքն ունի, կամ ինչպես պիտի այդ աջակցությունը դրսևորվի: Մեծ հաշվով, եկեղեցուն ի՞նչ: Հետ նայեք պատմությանը, տեսեք, թե օտարներն ու թշնամիները դարերով որքա՜ն են տենչացել ու ինչե՜ր են արել` մեր եկեղեցին ծնկած տեսնելու, մեր ինքնությունը խաթարված տեսնելու համար: Քանդել ու ավիրել, սպանել, այրել ու այլասերել են այն, բայց արդյունքում ծնկել ու պարտվել: Մեծ հաշվով, Փաշինյանի կառավարության` եկեղեցու հանդեպ այս ինքնարգո ու տհաճ պահվածքն ընդամենը չմոռացվող մի դառնահամ հիշողություն է թողնելու: Ուրիշ ոչինչ:
Այդ երևի մենք ենք, որ կարիք ունենք հասկանալու, թե այս ո՜ւր ենք գնում, այս ո՜ւր են մեզ առաջնորդում ու այս ի՜նչ են ուզում: Երևի հենց մենք ենք, որ կարիք ունենք գիտակցելու, որ ճակատագիրը մեր` ժամանակակիցներիս վրա նաև էս տեսակ խորթ փորձություն է դրել` սեփական եկեղեցին պաշտպանելու սեփական իսկ կառավարությունից, չթողնելու, որ արդեն քաշված օղակով նռնակը պայթի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10220754934640316&set=a.10204008821597956&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել