Ինչպես աշխարհի տարբեր երկրներում գործող մշակութային կառույցները, այնպես էլ Մոսկովյան Մեծ թատրոնը կորոնավիրուսի տարածման պատճառով գործունեություն է ծավալում վիրտուալ տիրույթում: Թատրոնը «YouTube»-ի իր պաշտոնական էջում հեռարձակում է «ոսկե ֆոնդի» ներկայացումները, որոնք կարճ ժամանակահատվածում մեծ լսարան են հավաքել:
Ապրիլի 15-ին արվեստասերները կարող են դիտել «Կորսար», ամսի 18-ին՝ «Սպարտակ» բալետային ներկայացումները:
Ապրիլի 21-ին կհեռարձակվի Մեծ թատրոնի օպերային մենակատարների համերգը, ապրիլի 25-ին կցուցադրվի «Մեր ժամանակների հերոսը» բալետը, ամսի 29-ին՝ «Կատերինա Իզմայլովա» օպերան:
Մայիսին նույնպես հետաքրքիր ներկայացումներ են սպասվում: Ամսի 7-ին կհեռարձակվի «Դոն Կիխոտ» բալետը, իսկ մայիսի 11-ին՝ «Սադկո» օպերան:
Ներկայացումները կհեռարձակվեն Ռուսաստանի ժամանակով ժամը 19:00-ին: Յուրաքնաչյուր բեմադրության ցուցադրումից հետո այն հասանելի կլինի 24 ժամվա ընթացքում:
Թատրոնի «YouTube»-ի պաշտոնական էջում գրառում է զետեղվել այն մասին, որ «Большой online» նախագծի առաջին վեց հեռարձակումը երկու շաբաթվա ընթացքում 6,5 մլն դիտում է ունեցել: Ներկայացումները վայելել են արվեստասերներ աշխարհի 134 երկրից: