Առեղծվածային անհետացումները հաճախ հայտնի են անբացատրելի իրավիճակներով, ինչպես նաև անհասկանալի «հուշումներով», որոնք ոչ մի բանի չեն հանգեցնում: Երբեմն թվում է, որ մարդիկ պարզապես հօդս են ցնդել: Որոշներն անբացատրելի նամակներ են թողնում, ոմանք իրենց իրերը թողնում են տարբեր վայրերում, շատերն էլ, ոչինչ չեն թողնում իրենց ետևից. բայց այսպիսի տարօրինակ դեպքերի մեջ մի բան ընդհանուր է. մարդիկ անհետանում են: Ահա տարօրինակ անհետացման մի քանի դեպք, որոնց մասին կարող եք ինքներդ եզրակացություն անել ու որոշել՝ Հավատալ, Չահավատալ այս կամ այն վարկածին:
1. Սոդդեր երեխաների անհետացումը
1945թ.-ի դեկտեմբերի 24-ին Սոդդերների ընտանիքը բնակվում էր մի առանձնատանը, որտեղ ապաստան էին գտել Իտալիայից գալուց հետո: Այդ օրն արդեն կեսգիշերին ընտանիքի բոլոր անդամները քնած էին, երբ հանկարծ տան հոր՝ Ջորջի հեռախոսին զանգահարեցին: Կինը՝ Ջեննին, արթնացավ ու շտապեց պատասխանել, սակայն զանգահարողն ինչ-որ բան ասելու փոխարեն սկսեց տարօրինակ կերպով ծիծաղել: Կինը մտածեց, որ սխալվել են և միայն զանգն անջատելուց հետո նկատեց, որ տան լույսերը միացրած էին, իսկ դռները՝ բաց: Մտածելով, որ երախաներն են խաղացել քնից առաջ, նա անջատեց լույսերը, փակեց դռներն ու գնաց իր սենյակ: Որոշ ժամանակ անց նա կրկին արթնացավ, երբ ինչ-որ ձայն լսեց: Կրկին նա ոչինչ չկարողացավ պարզել և էլի քուն մտավ: Կես ժամ անց նա նորից արթնացավ արդեն ծխի խեղդող հոտից: Նա արագ արթնացրեց ամուսնուն ու միասին փորձեցին փրկել իրենց 9 երեխաներին: Զույգին հաջողվեց դուրս բերել 9 երեխաներից 4-ին, սակայն մյուս 5-ը մնացին տան ներսում: Նրանց ու հարևան տան հեռախոսները չէին աշխատում, աստիճանաշարը, որ Ջորջը դնում էր նորից տուն մտնելու համար, անընդհատ ընկնում էր, ջուրը, որ լցնում էին ոչ մի արդյունք չէր տալիս: Երբ որոշ ժամանակ անց հրշեջ ջոկատը ժամանեց և հանգցրեց հրդեհը, չկարողացավ գտնել 5 երեխաների դիակները և Սոդդերները մինչև կյանքի վերջ հավատացին, որ իրենց երեխաները ողջ են:
2. Երկո՞ւ, թե՞ չորս
1988թ.-ի սեպտեմբերի 28-ին 19-ամյա Տարա Կալիսոն դուրս եկավ Նոր Մեքսիկոյում գտնվող իր տանից, որպեսզի հեծանիվ վարի: Դրանից հետո ոչ Տարան, ոչ էլ նրա հեծանիվը չգտնվեցին: Այս գործը մինչև 1989թ.-ը ոչ մի զարգացում չունեցավ, սակայն նույն թվականի հունիսի 15-ին մի կին Ֆլորիդայի խանութներից մեկի առաջ Polaroid նկար գտավ: Նրա այդտեղ գալուց առաջ նույն տեղում մի մեծ մեքենա էր կանգնած, իսկ նկարը, որտեղ մի աղջիկ ու տղա կապված էին, արված էր մեքենայի ներսում:
Ոստիկանները սկսեցին կասկածել, որ նկարի աղջիկը Տարան է, իսկ տղան՝ Մայքլ Հենլին՝ 9-ամյա տղա, որը նույնպես անհետացել էր Նոր Մեքսիկոյում: Սակայն շուտով Մայքլի դին գտան այն վայրում, որտեղ նա անհետացել էր, և ոստիկանների նախնական կասկածները ցրվեցին: Այնուհետև 2 նոր լուսանկարներ հայտնվեցին, որտեղ նույն աղջիկն ու տղան կրկին կապված էին, սակայն այդ լուսանկարները չհրապարակվեցին հանրության համար: Տարիներ անց տեղի շերիֆը հայտարարեց, որ նա հավատացած է՝ Տարան մահացել է անհետանալու նույն օրը, երբ երկու տեղացիներ նրան մեքենայի տակ են գցել, այնուհետև ազատվել դիակից: Նա նշում էր, որ ապացույց չունի մեղավորներին ձեռբակալելու համար: Սակայն եթե նա ճիշտ է, ապա ովքե՞ր էին այն երեխաները, որոնք լուսանկարում էին… ո՞րն էր նրանց պատմությունը. ոչ ոք մինչ օրս չկարողացավ պարզել:
3. Զանգ անծանոթներին
2006թ.-ի հունվարի 25-ին 35-ամյա Թերեզա Բաթլերի ամուսինը տուն եկավ և պարզեց, որ իր կինն անհետացել է, իսկ փոքր երեխաները չեն էլ հասկացել, թե ինչ է կատարվել: Կնոջ մեքենան դեռ բակում էր, և տուն ներխուժելու ոչ մի նշան չկար: Սակայն կնոջ դրամապանակը, հեռախոսը, ինչպես նաև մի քանի թանկարժեք իրեր՝ վիդեոխցիկը, փլեյսթեյշնը, տեղում չէին, մինչդեռ նրա ամուսնական մատանին և վերարկուն տանն էին:
Շուտով ամեն ինչ ավելի խճճվեց, երբ հետախույզները պարզեցին, որ Թերեզան անհետանալուց րոպեներ առաջ զանգահարել է երկու անծանոթ հեռախոսահամարներիով: Այդ երկու մարդկանցից մեկը չէր պատասխանել հեռախոսազանգին, իսկ մյուսը պատասխանել էր և պնդում էր, որ այդ համարով իրեն զանգողը չի խոսել: Այս երկու մարդկանցից և ոչ մեկը չէր ճանաչում Թերեզա Բաթլերին և ոչինչ չգիտեր նրա անհետացման մասին, որը մինչ օրս առեղծված է մնում:
4. «Mount Holly» պլանտացիայի գաղտնիքը
1987թ.-ի նոյեմբերի 21-ին պարզ դարձավ, որ 26-ամյա Քորինա Լինն Մալինոսկին անհետացել է: Նա աշխատանքի չէր գնացել, իսկ նրա մեքենան էլ տեղակայված էր «Mount Holly» պլանտացիայում, բայց դա չէ ամենատարօրինակը:
1988թ.-ի հոկտեմբերի 4-ին Քորինի 8-ամյա դուստրը՝ Անետեն, «Mount Holly» պլանտացիայի դիմաց գտնվող կանգառում սպասում էր դպրոց գնացող ավտոբուսին, սակայն նա այդպես էլ չկարողացավ հասնել դպրոց, քանի որ անհետացավ: Կանգառում առեղծվածային կերպով մի գրություն հայտնվեց, որտեղ ասվում էր. «Հայրիկ, մայրիկը վերադարձել է: Տղաներին գրկիր»: Առաջին հայացքից թվում էր, որ աղջիկը դա գրել էր ճնշման տակ: Կասկածներ կային նաև, որ Անետեի մայրը՝ Քորին, ողջ է և վերադարձել է աղջկան իր հետ տանելու համար, սակայն նա նաև երկու որդի ուներ, որոնց հետևից այդպես էլ չեկավ: Մինչև 2000թ.-ը նրանց մասին ոչ մի լուր չկար, սակայն 2000թ.-ին մի մարդ զանգահարեց ու ասաց, որ Անետեն մահացել է և հայտնեց նրա դիակի գտնվելու վայրը: Նրա մարմինը, սակայն, այդպես էլ չգտնվեց, իսկ գործը մնաց չբացահայտված:
5. Գրքային անհետացում
1981թ.-ի օգոստոսի 4-ին 20-ամյա Սինտիա Անդերսոնը գնաց իր մշտական աշխատանքին իրավաբանական գրասենյակում: Երբ նրա աշխատակիցները եկան որոշ ժամանակ անց, նկատեցին, որ Սինտինան անհետացել է: Նրա պայուսակն ու մեքենաների բանալիները տեղում չէին, սակայն նրա մեքենան դեռ գրասենյակի առջև էր: Տարօրինակն այն էր, որ գիրքը, որ նրա սեղանին էր և որը նա կարդում էր մինչև անհետանալը, բացված էր մի էջի վրա, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես են գրքի հերոսուհուն առևանգում՝ դանակով սպառնալով: Որոշ մարդկանց սկսեց թվալ, որ նա ինքն է կազմակերպել իր անհետացումը, բայց 30 տարի շարունակ նրա մասին ոչ ոք ոչինչ չլսեց:
Տարբեր վարկածներ կային Սինտիի անհետացման հետ կապված: Դեպքից մեկ ամիս անց ոստիկանությունն անանուն ահազանգ ստացավ, որ աղջկան իր կամքին հակառակ պահում են մի ինչ-որ սպիտակ տանը, սակայն այս տեղեկությունը ոչ մի օգուտ չտվեց նրա որոնումների հարցում: Սինտիի աշխատավայրի ղեկավարներից մեկը ներգրավված էր թմրանյութերի առքուվաճառքի գործերում և հետագայում բանտ ընկավ՝ կասկած հարուցելով նաև, որ հնարավոր է հենց նա էր առևանգել/սպանել Սինտիին՝ վերջինիս իմացած գաղտնի ինֆորմացիայի պատճառով: Սակայն ոչ մի ապացույց չգտնվեց և Սինտիի մասին մինչ օրս ոչինչ հայտի չէ:
6. Երբ լույսերը հանգցնում ենք
14-ամյա Լոուրեն Ռենին վերջին անգամ տեսել էին 1980-ի ապրիլի 26-ին իր տանը, երկու ընկերուհիների հետ: Երբ նրա մայրն այդ գիշեր տուն եկավ, պարզեց, որ ինչ-որ մեկը թուլացրել էր իրենց շենքի միջանցքի լամպերը՝ անջատելով լույսերը: Տուն մտնելով նա մտածեց, որ աղջիկը քնած է իր անկողնում, բայց առավոտյան հասկացավ, որ դա իր աղջկա ընկերուհին է, որն իրենց տուն էր եկել նախորդ գիշեր: Ընկերուհին գաղափար չուներ, թե որտեղ է Լոուրենը:
Սկզբում ոստիկանությանը թվաց, որ Լոուրենը փախել է տանից, բայց հոկտեմբերին աղջկա մայրը կտրոնների շնորհիվ պարզեց, որ իր հեռախոսահամարից 3 զանգ է կատարվել Կալիֆոռնիա, որոնք ինքը երբեք չէր արել: Երկու անգամ զանգել էին մոթելներ և մեկ անգամ՝ դեռահասներին սեքսուալ հարցերում աջակցող թեժ գիծ: Կինը, որ պատասխանատու էր թեժ գծի համար, նախկինում հայտնի էր տնից հեռացած երեխաների համար կացարան տրամադրելով, իսկ մոթելներն էլ հայտնի էին որպես «Dr. Z» անունով մանկական պոռնոգրաֆիա նկարահանող մարդու հաճախ այցելվող վայրեր: Այս ամենն իրար կապելու համար ոստիկանությունը բավական հիմքեր ու ապացույցներ չկարողացավ գտնել: Դեպքից հետո մի քանի տարի շարունակ Լոուրենի մայրը հաճախ զանգեր էր ստանում անհայտ համարներից: Զանգողը ոչինչ չէր ասում: