Դիմում եմ այն բոլոր կուսակցություններին և քաղաքական գործիչներին, որոնք դեռևս հստակ չեն արձագանքել ն նախագահ Քոչարյանի հանդեպ իրականացվող աննախադեպ իրավական բեսպրեդելին։

Նախագահի կալանավորման հետ կապված լռելն այլև հակապետական կեցվածք է։

Երբ նախագահ Քոչարյանին հրավիրեցին հարցաքննության և մեկ օրում կալանավորման որոշում ընդունեցին, դուք լուռ էիք։
Երբ դատավորն, որը խիզախություն ունեցավ ազատելու նախագահին կալանքից, ենթարկվեց ամենաբիրտ հետապնդումներին, դուք լուռ էիք։
Երբ արգելափակեցին դատարանների մուտքերը՝ պայմանավորված հենց նախագահ Քոչարյանի դատական վճռով, դուք լուռ էիք։
Երբ ամբողջ դատական ընթացքը վերածվեց աբսուրդի թատրոնի, դուք լուռ էիք։
Երբ Արցախի 2 նախագահ ստիպված էին ներկայանալ նախագահ Քոչարյանի դատական նիստին, դուք լուռ էիք։
Երբ դատարանը չեղարկեց Արցախի նախագահների միջնորդությունը, դուք լուռ էիք։
Երբ դատավորն ակնհայտորեն ձգձգում է դատական նիստերը, դուք լուռ եք։
Եվ ի վերջո, երբ նախագահի առողջությանը սպառնում է լուրջ վտանգ, դուք կրկին լուռ եք։

Լուռ եք, քանզի հանաձա՞յն եք այս իրավական բեսպրեդելի հետ, թե՞ լուռ եք, քանի որ ունեք ներքին վախեր։ Ո՞րն է ի վերջո ձեր լռության պատճառը։ Սա այլևս իրավական պրոցես չէ, այլ լոկ անձնական վենդետա, քաղաքական հետապնդում և ի վերջո Հայաստանի Հանրապետության քաղաքացու սահմանադրական իրավունքների բիրտ խախտում։ Սա՞ է այն Հայաստանը, որին ձգտում եք։ Սա՞ է այն Հայաստանը, որում ուզում եք՝ մեծանան ձեր երեխաները։

Իրականում ձեր այսօրվա լռությունը հակապետական քայլ է, որը հիմք է դնում իրավական համակարգի ամբողջական փլուզման համար։

Ժամանակն է կողմնորոշվել՝ դուք երկի՞ր եք կառուցում, թե՞ այն հիմնովին փլուզում։ Որոշումը ձերն է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել