Երբ մարդիկ արդարացիորեն ասում են, որ այս դժվար օրերին իշխանության շուրջ կոնսոլիդացիա է անհրաժեշտ, կտրվում ես հայաստանյան իրականությունից ու իրապես տրվում ես դասական այս ճշմարտության տրամաբանությանը։ Բայց հետո կարդում ես վարչապետի հերթական ֆեյսբուքյան գրառումն ու հասկանում ես՝ կեղծիքի շուրջ կոնսոլիդացիա, կոնսենսուս կամ դրական որևէ երևույթ լինել չի կարող։
«222 հազար բաժանորդ կստանան մինչև 7500 դրամի աջակցություն՝ օգտագործած բնական գազի և էլեկտրական հոսանքի դիմաց կոմունալ վճարների մասով»,- երեկ առավոտյան գրել էր Նիկոլ Փաշինյանը, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ կառավարությունը երեկ ընդունելու է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները վերացնելուն միտված ևս մեկ միջոցառում: Ընդունված 11-րդ միջոցառումով կառավարությունը 50 տոկոսով կփոխհատուցի այն շահառուների գազի և հոսանքի վարձավճարները, որոնց փետրվար ամսվա գազի ծախսը կազմել է մինչև 10 հազար դրամ, իսկ հոսանքինը՝ մինչև 5000 դրամ:
Երեկ տեղի ունեցածը կառավարության կորոնավիրուսային շրջանի ամենամեծ բլեֆներից մեկն է։ Նախ՝ ամոթ է նման փաստաթուղթը հակաճգնաժամային միջոցառում անվանելը։ Նիկոլ Փաշինյանը վաղուց դարձել է վիճակագրական մանիպուլյացիայի գերի, սակայն նույնիսկ այդ պարագայում դժվար էր պատկերացնել, որ նա այսքան կտրված կլինի իրականությունից։ Այնպիսի տպավորություն է, որ «222 հազար»-ի մասով ինչ-որ մեկը Փաշինյանին ուղղակի ծաղրել է, ինքն էլ մեզ ծաղրեց կամ էլ անուղղակի խոստովանեց, որ իր երկամյա կառավարման տարիներին հասարակությունն ավելի աղքատացել է։ Դե ուրիշ բացատրություն չկա, թե ինչպես կարող է ցուրտ ձմռանը 222 հազար բաժանորդի ամսվա գազի ծախսը կազմել մինչև 10 հազար դրամ, իսկ հոսանքինը՝ մինչև 5000 դրամ: Կամ էլ Փաշինյանի «աջակցությունից» օգտվելու են ունևորները, որովհետև այդքան ծախսին մոտ են այն բնակարանները, որտեղ մարդը հիմնական չի բնակվում, այսինքն՝ մարդու երկրորդ կամ երրորդ տունն է: Այս վարկածն էլ փորձագետներից մեկն էր նշել։
Բայց որն էլ լինի ճշմատրությունը, Նիկոլի երեկվա արածը ոչ թե աջակցություն էր, այլ դրա տնազ, իմիտացիա։
Ֆեյքային օրը հերթական «կտով» էլ ավարտվեց։
«Որքան էլ զարմանալի թվա, այսօր Կենտրոնական բանկը արտարժույթի շուկայից 8.1 միլիոն դոլար է գնել։ Սա այլ բացատրություն, քան ֆինանսական շուկայի վստահություն կառավարության վարած հակաճգնաժամային քաղաքականությանը չի կարող ունենալ: Մարդիկ վստահում են մեր վարած քաղաքականությանը, մարդիկ վստահում են դրամին»,- ֆեյսբուքյան իր էջում երեկ երեկոյան գրեց Նիկոլ Փաշինյանը։
Քիչ անց մասնագետներն արձանագրեցին, որ միայն մարտ ամսին ԿԲ-ն շուրջ 122 մլն ԱՄՆ դոլարով նվազեցրել է արտարժութային պահուստները դրամի արժեզրկումը կանգնեցնելու համար։ Եվ հիմա լրիվ անտեղի է որպես ֆինանսական ձեռքբերու նշել, որ ԿԲ-ն 8,1 ԱՄՆ դոլար է գնել արտաժույթի շուկայից։
Հերթական վիճակագրական մանիպուլյացիան բացահայտվեց, ու պարզվեց, որ մարդիկ այլևս նույնիսկ արժեզրկվող դրամին իսկապես ավելի շատ են վստահում, քան՝ վարչապետի, իշխանության խոսքին։
Հետո ասում եք՝ միասնություն: Մանիպուլյացիայի շուրջ կոնսոլիդացիա չի լինում։