Ermenihaber.am-ը գրում է․
Թուրքիայի խորհրդարանում հաստատվել է քրեակատարողական հիմնարկներում գտնվողներին վերաբերող փոփոխություններ նախատեսող նոր օրենքը։ Այն բանտերից դուրս գալու հնարավորություն է ստեղծում շուրջ 90․000 բանտարկյալի համար։
Ըստ օրենքի՝ պայմանական ազատության ժամկետը հասցվել է 3 տարվա։ Նախատեսվում է նաև կիսով չափ նվազեցնել պատժաչափերը։
Բաց ռեժիմի բանտերում գտնվողները մինչև մայիսի 31-ը իրենց պատիժը կկրեն տանը։ Տնային կալանքի ձևով իրենց պատիժները կկրեն նաև 65-ից բարձր տարիքային խմբին պատկանող կամ հատուկ խնամքի կարիք ունեցող անձինք, նաև՝ մինչև 6 տարեկան երեխաներ ունեցողները։
Օրենքը չի տարածվելու այն բանտարկյալների վրա, որոնք դատապարտվել են ահաբեկչության, սեռական բնույթի հանցագործությունների, կանանց դեմ բռնության, ինչպես նաև՝ թմրանյութերի արտադրության և շրջանառության համար։
Մյուս կողմից էլ պատժի խստացում է նախատեսվում այն բանտարկյալների համար, որոնք դատապարտվել են շահույթ ստանալու նպատակով հանցավոր խմբավորում ստեղծելու կամ վաշխառության համար։
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում դժգոհություն է հայտնել նոր օրենքի ընդունման առթիվ։ Նա հրապարակել է պատգամավորների խմբային լուսանկարն ու գրել․
«Չմոռանաք այս մարդկանց, որոնք հավանություն են տվել մի օրենքի, որով քաղաքական գործիչները, լրագրողներն ու Twitter-ում գրառում անողները դատապարտվում են մեռնելու բանտերում»։ Կարոն հավելել է, որ այդ օրենքն ընդունողները հետագայում հերքելու են իրենց մեղքը՝ հայտարարելով, թե օրենքը պարտադրված է եղել նախագահական պալատի կողմից։