Վերջին շրջանում տեղի ունեցող դեպքերը փաստում են, որ շատ մոտ ապագայում Հայաստանը բավականին լուրջ մարտահրավերների առջև է կանգնելու: Ռուսաստանի ի վնաս Հայաստանի <<բիզնես հարաբերությունները>> Ադրբեջանի հետ, որին հաջորդեցին բացահայտ արհամարանքն ու ծաղրը Հայաստանի քաղաքացու նկատմամբ, ինչպես նաև ադրբեջանական գազի արտահանումը դեպի Եվրոպա ԹԱՓ-ը գործարկելու միջոցով, վկայում են այն մասին, որ Հայաստանը պետք է ծանրակշիռ և հիմնավորված քայլեր ձեռնարկի, ինչպես նաև արտաքին և ներքաղաքական անպարտելի ռազմավարություն և մարտավարություն մշակի: Ինչքան էլ ցանկանանք Հայաստանի վարկանիշը չգցելու համար չանդրադառնալ իշխանության որակին (չնայած որ առաջին հերթին հենց իշխանության ներկայացուցիչներն են գցում Հայաստանի վարկանիշն իրենց ոչ ադեկվատ, ոչ քաղաքակիրթ և անգրագետ գործունեությամբ), այլևս անհնար է չասել, որ մեր իշխանության մեջ ներգրավված անձանց ճնշող մեծամասնությունը ոչ միայն չի կարող դիմակայել այս լրջագույն մարտահրավերներին, այլ շատ դեպքերում չի էլ հասնակում այդ մարտահրավերների լրջության աստիճանը: Այս ամենի կողքին Հայաստանի ներսում մենք տեսնում ենք ամեն օր Հայաստանը լքող ընտանիքների, հուսալքված քաղաքացիների, ովքեր այնքան են հիասթափվել իշխանական էլիտայի ներկայացուցիչների նման պահվածքից, որ պետությունը սկսել են նույնականացնել իշխանության հետ, քանզի նրանք պետական աջակցության փոխարեն ի վնաս իրենց պետական միջամտություն են զգում: Պատկերի ամբողջականության համար պետք է նաև նշել Տիգրան Սարգսյանին, ով շարունակում է մնալ վարչապետ (ապշեցուցիչ փաստ), Սուրիկ Խաչատրյանին, ով սահուն կերպով վերածվեց զոհի (ամեն դեպքում Սյունիքում ապրող մարդիկ շատ լավ ծանոթ են թե Սուրիկ Խաչատրյանին, թե նրա արարքներին), իշխանավորներին, ովքեր շարունակում են մտածել բացառապես իրենց գրպանի մասին, ինչպես նաև արհեստական ընդդիմության ներկայացուցիչներին, ովքեր էլ մտահոգված են զուտ իրենց հանձնարարված գործողությունների կատարմամբ:
Փաստ է, որ Հայաստանում անհրաժեշտ են արմատական և խորքային փոփոխություններ, քանզի միայն համապատասխան պատրաստվածություն և աշխատասիրություն ունեցող մարդիկ կարող են մտածել անպարտելի ռազմավարության և մարտավարության մշակման մասին:
Հնարավոր է, որ որոշ անհատներ հայտարարեն, թե Հրաչյա Հարությունյանի անհատական դեպքը պետք չէ այսչափ ուրճացնել և բերել քաղաքական ոլորտ, բայց մանրուքների անտեսումը հանգեցնում է գլոբալ խնդիրների առաջացման պատճառների անտեսմանը:
Ռուսաստանը, Եվրոպան, ԱՄՆ-ն և աշխարհի բոլոր երկրները հարգում են այլ երկրներին միայն այն դեպքում, երբ այդ երկիրը կարողանում է հոգալ իր ծախսերը, չի վերածվում մուրացկանի և ստիպում է հարգել իր երկրի քաղաքացիներին, այլ ոչ թե հանուն որոշ անհատների շահերի բավարարման կարող է աչք փակել երկրի քաղաքացիների իրավունքների ոտնահարման, երկրի սնանկացման և այլ արատավոր երևույթների վրա: Իհարկե, մշտապես որպես արադարացում բերվում է Հայաստանի ռեսուրսների սակավությունը, բայց անտեսվում է այն փաստը, որ ժամանակակից աշխարհում երկիրը զարգացնելու համար բացի նավթից և գազից, կարելի է արդյունավետ կերպով օգտագործել նաև երկրի ունեցած ռեսուրսները, այլ ոչ թե անվճար <<արտահանել>> ամենաթանկարժեք ռեսուրսը` ուղեղային պոտենցիալը:
Այս ամենից հետո ինչո՞ւ պետք է այլ երկրները հարգեն ՀՀ քաղաքացիներին, եթե այդ քաղաքացիների ճակատագիրը Հայաստան պետության պատասխանատուներին չի հետաքրքում: Ինչքան էլ միջազգային կոնվենցիաներում ամրագրված լինեն մարդու իրավունքներն ու ազատությունները, միևնույն է առաջին հերթին պետությունը պետք է պաշտպանի իր քաղաքացիներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել