Մենք սովոր ենք սպիտակ մազեր տեսնել ծեր մարդկանց մոտ, փաստացի, սա ծերության նշան ենք համարում: Սակայն սպիտակ մազեր կարելի է ունենալ նաև միջին, նույնիսկ երիտասարդ տարիքում: Այս դեպքում հիմքում ծերացման գործընթացը չէ:
Նորմայում առաջին սպիտակ մազերը հայտնվում են 37-45 տարեկան հասակում և բազմապատկվում 60 տարեկանին մոտ հասակում: 20-27 տարեկանում հայտնված սպիտակ մազերը անվանում են վաղ ճերմակում: Տղամարդկանց մոտ սկզբում սկսում են ճերմակել մորուքն ու բեղերը, կանանց մոտ՝ քունքերի ու ծոծրակի մազերը:
Մազի գույնի փոփոխությունը կախված է հատուկ պիգմենտից՝ մելանինից, որն արտադրվում է մազարմատներում գտնվող մելանոցիտների կողմից: Նրանց կողքին գտնվում են կերանոցիտները, որոնք սինթեզում են անհրաժեշտ սպիտակուցը: Գունանյութն ու սպիտակուցը միավորվելով պայմանավորում են մազերի գույնը, որով ծնվում է մարդը: Մելանինի տեսակից ու քանակից է կախված Ձեր մազերի գույնն ու գույնի ինտենսիվությունը:
Տեսակետ կա, որ մազերը ճերմակում են, երբ նվազում է մելանոցիտների ֆունկցիոնալ ակտիվությունը, իսկ այս պրոցեսի սկսվելու ժամանակը կանխորոշված է գենետիկ մակարդակով: Այսինքն, եթե Ձեզ մոտ հարազատներն ունեցել են մազերի վաղ ճերմակում, ամենայն հավանականությամբ, սա Ձեզ էլ է սպառնում:
Մազերը ժամանակից շուտ կարող են ճերմակել նաև աուտոիմուն հիվանդությունների կամ հորմոնալ խանգարումների ժամանակ:
Պատճառ կարող է հանդիսանալ նաև վերջերս տարած սթրեսը: Դեպքեր են հայտնի, երբ ուժեղ էմոցիոնալ սթրեսի պատճառով մարդը միամգամից՝ մեկ օրվա ընթացքում ճերմակել է: Պատճառը նեյրոպեպտիդներն են, որոնք ազդում եմ մելանինի և սպիտակուցի միջև քիմիական կապի վրա և ամբողջությամբ քայքայում են այն:
Իհարկե, պայքարի մի շարք ժողովրդական միջոցներ կան, սակայն այս խնդրով տառապող մարդիկ դրանք բոլորը փորձելուց հետո գալիս են եզրակացության, որ իրականում երկու ելք կա՝ հոգեբանորեն տրամադրվել , համակերպվել սպիտակ մազերի հետ, չէ՞ որ որոշ մարդկանց մազերի թեթև ճերմակությունը նույնիսկ սազում է, կամ ներկել մազերը, հատկապես որ այսօր դա կարելի է անել նույնիսկ տնային պայմաններում: