Ամերիկուհին 90 տարեկանում հաղթել է կորոնավիրուսը և կիսվել է վերականգնման գաղտնիքներով: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Նյու Յորքի 90-ամյա բնակչուհի Աննա Ֆորտունատոն մարտի 13-ին կոկորդում ցավ է նկատել: Կինը դրան նշանակություն չի տվել, բայց մի քանի օր անց նրա վիճակը վատթարացել է:
Ֆորտունատոն հոսպիտալացվել է, նրա մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսը: Բժիշկները նշել են, որ 80 տարեկանից բարձր անձանց մահացությունը COVID-19-ից կազմում է մոտ 21.9%:
Երկու շաբաթ անց Ֆորտունատոն դուրս է գրվել հիվանդանոցից: Նշվում է, որ նրան տրվել է հիդրքօսիքլորոքին՝ հակամալարիային դեղամիջոց, որի արդյունավետությունը չի հաստատվում:
Ամերիկուհին նշել է, որ բժիշկները նրա վերականգնումը հրաշք են համարում: Այնուամենայնիվ, Ֆորտունատոն ինքը հորդորում է կորոնավիրուսով հիվանդներին պայքարել, չկորցնել լավատեսությունը և աղոթել: Ֆորտունատոն կոչ է անում նաև ավելի շատ շարժվել, և ոչ թե՝ ամբողջ ժամանակն անցկացնել պառկած: Կինը նշել է, որ, եթե նա հաղթահարել է հիվանդությունը, «ուրեմն դու նույնպես կարող ես»: