Արցախի նախագահ Բակո Սահակյանը ուղերձով դիմել է հանրապետության քաղաքացիներին և տեղեկացրել, որ ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության նպատակով Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին: Միևնույն ժամանակ, նա ասել է, որ ապրիլի 14-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունենալու։
Սոցիալական ցանցերում միանգամից սկսվել է Բակո Սահակյանի թիրախավորումը․ նա մեղադրվում է մարդկանց զանգվածային մահափորձի մեջ։
Մեղադրողներն, իրականում անկեղծ չեն ու պետք է մի քանի արձանագրումներ կատարել՝ բացելով բոլոր չակերտները։
Նախ՝ Հայաստանում հաստատված արտակարգ դրության ու Արցախում հաստատված արտակարգ իրավիճակի ռեժիմները միանգամայն տարբեր են։ Արտակարգ իրավիճակի պայմաններում ընտրությունները չեն չեղարկվում, հետևաբար՝ Արցախի նախագահն օրենք խախտել չէր կարող։ Ավելին՝ եթե նա ընտրությունները չեղարկեր կամ հետաձգեր, մեղադրվելու էր իշխանությունն ուզուրպացնելու մեջ, ընդ որում՝ այսօր նրան քննադատող նույն մարդկանց կողմից․ կարող եք չկասկածել։
Երկրորդ, եթե Բակո Սահակյանին պիտակներ եք կպցնում, համարձակություն ունեցեք դրանք կպցնել նաև Նիկոլ Փաշինյանին, որովհետև ակնհայտ է՝ Արցախի իշխանությունն, առանց Երևանի համաձայնության, չէր կարող ընտրություն նշանակել կամ հետաձգել։
Եվ վերջապես՝ Արցախում բոլորը գիտեն, որ ամեն բան կարող էր նաև մարտի 31-ին ավարտված լինել՝ միանգամայն օրինական հիմքերով, եթե Հայաստանի իշխանամերձ որոշ շրջնակներ Արցախում տրված չլինեին "հեղափոխական" փորձարկումների։ Բախտներս բերեց, որ վերջին պահին նրանց ծառայություններից Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց։
Ոչ Բակո Սահկայանը, ոչ էլ՝ Արայիկ Հարությունյանն, աչքիս լույսը չեն, բայց եթե մեղադրանքներ են հղվում, ապա դրանք պետք է ճիշտ հասցեատերեր ունենան։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/2776979702351556
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել