Vogue ամսագրի իտալական հրատարակության ապրիլյան համարը կորոնավիրուսային ճգնաժամի ֆոնին պատմության մեջ առաջին անգամ կթողարկվի սպիտակ շապիկով:
Ամսագրի գլխավոր խմբագիր Էմանուելե Ֆարնետին Instagram-ում հայտնել է, որ Vogue Italia-ի ապրիլյան համարը լույս կտեսնի հաջորդ ուրբաթ:
«Իր երկարամյա պատմության ընթացքում, որն ավելի քան հարյուր տարի է, Vogue-ն անցել է պատերազմների, ճգնաժամերի, ահաբեկչական գործողությունների միջով, բայց անմասն է մնացել այդ ամենից։ Բայց այլ բանի մասին խոսելը, մինչդեռ մարդիկ մահանում են, բժիշկներն ու բուժքույրերը վտանգում են իրենց կյանքը, իսկ աշխարհը մեկընդմիշտ վերաձևափոխվում է, Vogue Italia-ի համար չէ: Համապատասխանաբար, մենք հետաձգեցինք մեր գլխավոր շապիկի վերաբերյալ նախագիծը և զրոյից աշխատեցինք նորի վրա»,- գրել է նա։
Ֆարնետին հավելել է, որ ամսագրի պատմության մեջ առաջին անգամ սպիտակ շապիկը տպագրելու որոշումը կայացվել է ոչ թե այն պատճառով, որ լուսանկարները չէին բավականացնում, այլ հակառակը, քանի որ սպիտակ գույնը միաժամանակ շատ բաներ է խորհրդանշում. սպիտակը, առաջին հերթին, հարգանքի խորհրդանիշն է։
«Սպիտակը վերածնունդն է, լույսը՝ խավարից հետո: Սպիտակն այն համազգեստի գույնն է, որը կրող մարդիկ վտանգում են կյանքը մեզ փրկելու համար։ Սպիտակ գույնը նրանց համար է, ովքեր այդ դատարկ ժամանակը և տարածությունը լրացնում են գաղափարներով, մտքերով, պատմություններով, բանաստեղծական տողերով, երաժշտությամբ և ուրիշների մասին հոգ տանելով»,- հավելել է նա։