Եգիպտացի և ամերիկացի հնագետները եգիպտական Աբիդոս քաղաքում հայտնաբերել են Ռամզես Երկրորդ փարավոնի հանրահայտ տաճարի՝ նախկինում անհայտ պահեստային տարածքները, ինչպես նաև ծիսակարգային իրերը, որոնք թաղված են եղել կառույցի հիմքի մոտ:
Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով Եգիպտոսի հնությունների և զբոսաշրջության հարցերով նախարարության հաղորդագրությունը: «Նվիրաբերված իրերի մեջ, որոնք թաղված են եղել կառույցի տարածքում, եղել է ուտելիք, Ռամզես II անունով ցուցատախտակներ, շինարարական գործիքների փոքր չափսի պղնձե օրինակներ, հիերոգլիֆներով պատված կավե սպասք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են տասնյակ խոշորագույն պահեստային տարածքների հիմքերն ու պատերի մնացորդները, որոնք տաճարային համալիրի մաս էին կազմում:
Ինչպես մասնագետները ենթադրում են, դրանց ներսում պահվել է հացահատիկ, նվիրաբերության համար նախատեսված իրեր և այլ ապրանքներ: