Armenpress.am-ը գրում է․

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 448 հազար 564-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 83 հազարը: Ապաքինվել է ավելի քան 309 հազար մարդ:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 400 հազար 549 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 12 հազարը: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 146 հազար 690: Այստեղ մեկ օրում 4 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Իսպանիայում մահացության ցուցանիշը կազմում է 14 հազար 555:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 135 հազար 586 է: Վարակից մահացել է 17 հազար 127 մարդ: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Գերմանիային շրջանցել է Ֆրանսիան՝ հայտնվելով չորրորդ տեղում. եվրոպական այդ երկրում 109 հազար 069 հաստատված դեպքեր կան: Մահերի թիվը կազմում է 10 հազար 328: Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 107 հազար 663 է: Մահացության ցուցանիշը 2 հազար 016 է:

Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 81 հազար 802 ընդհանուր, 62 նոր դեպքով։ Այստեղ վերջին շրջանում երկրի ներսում վարակի նոր դեպքեր չեն գրանցվում, արձանագրվածները բերովի են: Չինաստանում մահացել է 3 հազար 333 մարդ։

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 64 հազար 586 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 993: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 55 հազար 242 է, Թուրքիայում՝ 34 հազար 109 է, Բելգիայում՝ 23 հազար 403 է, Շվեյցարիայում՝ 22 հազար 789 է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 208 դեպք կա, Ռուսաստանում` 8 հազար 672: ՌԴ-ում մահացել է 63 մարդ:

Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 2 հազար 659, այստեղ գրանցվել է մահացության 12 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 2 հազար 210 մարդ: Վարակից մահվան 6 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 94 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 1450: Իրաքում վարակվածների թիվը 1122 է, մահացության ցուցանիշը 65 է: Բահրեյնն առանձնանում է մահացության քիչ դեպքերով: Այստեղ վարակից մահացել է 5 մարդ: Ընդհանուր վարակվածության հաստատված դեպքերի թիվը 821 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 855: Արաբական երկրներից վարակվածության քիչ թվով առանձնանում է Սիրիան, այստեղ հաստատվել է 19 դեպք, մահացել է 2 մարդ: Լիբիայում գրանցվել է վարակվածության 21, մահվան 1 դեպք:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 204-ը:

Իսպանիան հույս է հայտնել ապրիլի 26-ից հետզհետե վերադառնալ բնականոն կյանքի

Իսպանիայի իշխանությունները հույս են հայտնել, որ ապրիլի 26-ից հետո երկիրը կարող է հետզհետե վերադառնալ բնականոն կյանքի: Այս մասին հայտարարել է Իսպանիայի ֆինանսների նախարար Մարիա Խեսուս Մոնտերոն: «Ապրիլի 26-ից քաղաքացիները հնարավորություն կունենա սկսել վերադառնալ բնականոն կյանքի»,- հավաստիացրել է նախարարը: Երկրի խորհրդարանն ապրիլի 9-ին պետք է կրկին երկարաձգի արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել էր մարտի 14-ին: Այս անգամ նախատեսվում է երկարաձգել մինչև ապրիլի 26-ը: Ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը չէր բացառել, որ ապրիլի 26-ից հետո ևս արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի, սակայն նշել էր, որ բնակիչների ու իրավաբանական անձանց տնտեական գործունեության որոշ սահամանփակումներ հետզհետե կմեղմվեն:

Վարչապետը նշել էր, որ ապրիլի 26-ից քաղաքացիները կարող են վերադառնալ փողոցներ, հրապարակներ, թեպետ դեռ կլինեն կոնկրետ ցուցումներ:

Կորոնավիրուսով պայմանավորված Լիտվայում կարանտինի ժամկետը երկարաձգվել է

Լիտվայի կառավարությունը կորոնավիրուսով պայմանավորված երկարացնում է կարանտինի ժամկետը մինչև ապրիլի 27-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Sputnik Литва»-ն:

Երկրում կարանտինի ռեժիմ սահմանվել էր մարտի 16-ին երկու շաբաթով, այնուհետև այն երկարացրեցին մինչև ապրիլի 13-ը: Այժմ կարանտինի ռեժիմը ևս երկարացվում է երկու շաբաթով:

Կառավարությունը նշել է, որ Զատկի տոնի օրերին՝ ապրիլի 10-ից ժամը 20:00-ից մինչև ապրիլի 13-ը ժամը 20:00-ն, քաղաքների, շրջանների մուտքերը

կսահմանափակվեն: Վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը հայտարարել է, որ եթե առաջիկա տոնական հանգստյան օրերից հետո կորոնավիրուսի վարակվածության դեպքերի թվի ավելացում չլինի, ապա կառավարությունը կմեղմացնի կարանտինի պայմանները և թույլ կտա փոքր բիզնեսին աշխատել անվտանգության համապատասխան պահանջները կատարելուց հետո:

BMW ընկերությունը կսկսի բժշկական դիմակներ արտադրել

Գերմանական ավտոարտադրող BMW ընկերությունը հայտնել է, որ պատրաստ է անցնել բժշկական դիմակների արտադրության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Օլիվեր Ցիպսեն ապրիլի 8-ին Մյունխենում Բավարիայի դաշնային երկրամասի վարչապետ Մարկուս Զյոդերի հետ հանդիպմանը:

«Այսպիսով մենք ակտիվ կսկսենք աշխատել գլոբալ դեֆիցիտը վերացնելու ուղղությամբ: Շատ շուտով մենք կսկսենք օրական արտադրել մի քանի հարյուր հազար դիմակ: Դա կծառայի ինչպես մեր աշխատակիցների, այնպես էլ հասարակությանը մատարարելու համար»,-նշել է նա:Ընկերությունում խոստացել են, որ ձեռք կբերեն անհրաժեշտ սարքավորումները:

Ուկրաինայում կարանտինի ընթացքում նվազել են գողության դեպքերը

Ուկրաինայում կարանտինի շրջանում միջինը 35 տոկոսով նվազել են գողության և կողոպուտի դեպքերը: Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ նախորդ տարի մարտի 11-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում երկրում գրանցվել է 26 հազար գողություն: Ընթացիկ տարում այդ ցուցանիշը կազմել է 17 հազար, այսինքն՝ 34.9 տոկոսով պակաս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր կողոպուտի 815, այս տարի նույն ժամանակահատվածում՝ 543 դեպք: Գրանցվել է 33.4 տոկոսով նվազում:

Ուկրաինայում մարտի 12-ին, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, մտցվել էր համընդհանուր կարանտին: Իշխանությունները չեն բացառում կարանտինի ժամկետի երկարաձգումը: Ապրիլի 6-ից կարանտինի պայմաններն ավելի են խստացել, և այժմ երկրում արգելվում է փողոցում հավաքվել երկու հոգուց ավելի անձանցով, բացառություն է կազմում երեխաներին ուղեկցելը: Արգելվում է նաև այցելել այգիներ, մարզական և մանկական հրապարակներ: Փողոց դուրս եկած քաղաքացիներից պահանջվում է ձեռքի տակ ունենալ փաստաթղթեր:

ԱՄՆ-ում ընկերությունները կարտադրեն թոքերի արհեստական օդափոխման 110 հազար սարք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ընկերություններն առաջիկա շաբաթներում կարտադրեն թոքերի արհեստական օդափոխման 110 հազար սարք: Նախագահն այդ մասին նշել է իր ամենօրյա ճեպազրույցի ընթացքում: Նա տեղեկացրել է, որ ներկայում ունեն 8 հազար 675 սարք, որոնք առաջիկայում կտեղաբաշխվեն այն նահանգներում, որոնք ամենից շատ դրա կարիքն ունեն: Եվս 110 հազար սարք իրենց տրամադրության տակ կունենան առաջիկա շաբաթներին: «Ես չեմ կարծում, որ դրանք մեզ պետք կգան, այդուհանդերձ դրանք պետք կլինեն ապագայում և մենք կարող ենք օգնել այլ երկրների»,-ասել է նախագահ Թրամփը:

Ուհան քաղաքում հանվել են ելքի սահմանափակումները

Կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն համարվող Չինաստանի Ուհան քաղաքում հանվել են ելքի սահմանափակումները: Քաղաքից դուրս գալու սահմանափակումները հանվել են ապրիլի 8-ին տեղի ժամանակով 00:00-ին: Արդյունքում կվերագործարկվի տրանսպորտային համակարգը, որը կապում է Ուհանը մյուս շրջանների հետ:

«Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ դուս են եկել քաղաքից սահմանափակումը հանելուց հետո: Մասնավորապես, նշվում է, որ սահմանափակումները հանելու առաջին իսկ ժամերին 65 հազար մարդ է դուրս եկել: Նրանք հիմնականում օգտվել են գնացքից և օդանավերից:

Կորոնավիրուսի վարակի առաջին դեպքն արձանագրվել է 2019 թվականի վերջին Ուհանում: 2020 թվականի հունվարի 23-ին քաղաքը դարձավ վարակի էպիկենտրոն: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։ Քաղաքն ամբողջությամբ մեկսուացված էր արտաքին աշխարհից: Միայն Ուհանում ավելի քանի 50 հազար վարակի հաստատման դեպք էր արձանագրվել: Գրեթե 2600 մարդ մահացել է: Վերջին օրերին քաղաքում վարակի որևէ նոր դեպք չի գրանցվել: Ուհանում կյանքը հետզհետե վերադառնում է բնականոն հուն:

Ռուսաստանում կորոնավիրուսի կասկածով 180 հազարից ավելի մարդ բժիշկների վերահսկողության ներքո է

Ռուսաստանում կորոնավիրուսի կասկածով բժիշկների հսկողության տակ է գտնվում 180 հազարից ավելի մարդ: Այս մասին տեղեկացնում է Սպառողների իրավունքների նկատմամբ վերահսկողության և մարդկանց բարեկեցության ապահովման ՌԴ դաշնային ծառայությունը:Նշվում է, որ երկրում արդեն կատարվել է ավելի քան 910 հազար թեստավորում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել