Հանրահայտ դերասաններ և նախկին ամուսիններ Դեմի Մուրն ու Բրյուս Ուիլիսը կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի օրերին ժամանակ են անցկացրել իրենց երեխաների հետ, գրում է Daily Mail-ը։
Լուսանկարում, որը հրապարակել է նրանց 26-ամյա դուստրը՝ Տալուլան, միևնույն կանաչ ու սպիտակ զոլավոր գիշերազգեստ հագած Բրյուսն ու Դեմին գրկախառնվել են։
«Քաոսային չեզոքություն»,- լուսանկարը մակագրել է նախկին աստղային զույգի դուստրը։
Բրյուսի ներկայիս կինը՝ Էմման, լուսանկարի մեկնաբանությունների հատվածում գրել է․ «Այդ գույնը ոչ բոլորին է սազում։ Հիանալի տեսք ունեք»։
Բրյուսը և Էմման ունեն երկու երեխա՝ Մեյբլը և Էվելինը:
Daily Mail-ի աղբյուրը հաստատել է, որ դերասանները վերամիավորվել են ինքնամեկուսացման ժամանակ, սակայն հայտնի չէ՝ արդյոք Բրյուսն ապրում է ընտանիքի հետ, թե այցելել է նրանց։
Դեմին և Բրյուսը ամուսնացած են եղել 1987-2000թթ. և ունեն երեք աղջիկ։