Փորձում եմ հասկանալ ու քաղավիացիայի հետ կապված պատմության փաստերը ի մի բերել․
* 2018, հուլիսի 10
Տաթևիկ Ռևազյանը (ՏՌ) նշանակվում է Քաղաքացիական ավիացիայի վարչության (ՔԱԿ) ղեկավար։
* 2019, հոկտեմբերի 11
Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) Taron Avia ու Atlantis European Airways ընկերություններում աուդիտի արդյունքում հայտնաբերված բացթողումների արդյունքում նամակով տեղեկացրել է ՔԱԿ-ին, որ ներկա լինեն լսումների «Տարոն Ավիայի» ներկայացուցիչների հետ հաջորդ ամիս։
* 2019, նոյեմբերի 7
Բրյուսելում Եվրահանձնաժողովի ժողովին ՔԱԿ-ը ներկայացրել է բարեփոխումների պլան ու հայտարարել է, որ «Տարոն Ավիային» զրկում են լիցենզիայից։
* 2019, դեկտեբերի 9
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Հայաստանի հանդեպ հատուկ հսկողություն են սահմանում, ու ՔԱԿ-ում գրանցված մեր բոլոր ընկերությունները կարող են զրկվել TCO-ներից։
* 2020, փետրվար
EASA-ն Հայաստանում անցկացնում է աուդիտ, որի արդյունքում ՔԱԿ-ը չի անցել 62.9% շեմը։ Որպես հիշեցում․ մինչ այդ մեկ այլ կառույց՝ Միջազգային քաղավիացիայի կազմակերպությունը (ICAO` ՄԱԿ-ի ենթակառույց, որի հսկողության ներքո է աշխատում եվրոպականը) 2007 ու 2015 թվականներին անցկացված աուդիտի արդյունքում ՀՀ ՔԱԿ-ին շնորհել էր 95 ու 82 տոկոսանոց արդյունք։
* 2020, մարտի 13
ՔԱԿ ղեկավար Ռևազյանը հեռանում է Դանիա՝ ֆիզարձակուրդի։
* 2020, մարտի վերջ
EASA-ն նամակով տեղեկացնում է ՔԱԿ-ին փետրվարի հայտնաբերված կամ չլուծված բացթողումների մասին 57-էջանոց փաստաթղթով։ Սպասում են բացատրությունների ու արձագանքի, որոնք դժվար թե կարողանան փոխել EASA դիրքորոշումը, քանի որ խնդիրները լուծված չեն։
* 2020, ապրիլի 4
Հ1-ի եթերում Պետրոս Ղազարյանը երեք անգամ անընդմեջ հարցրել է Ռևազյանին՝ արդյո՞ք մենք զրկվել ենք լիցենզիայից (չնայած «լիցենզիայից զրկել» եզրույթը կիրառել էին մի քանի լրատվականներ մինչ այդ՝ ըստ երևույթին, ոլորտի տերմինաբանությանը ծանոթ չլինելով), ինչին ի պատասխան վերջինս հանգստացրել է բոլորին՝ ասելով, թե ՔԱԿ-ը չի զրկվել ոչ մի լիցենզիայից, ոչ ոք իրենց զրկել չի կարող լիցենզիայից։ Խնդիրը ընդամենը որոշ ավիաընկերությունների հետ է կապված, եվրոպացիների որոշումը անսպասելի է եղել, ու որ իրենք փորձելու են պարզել իրողությունը։ Ավելացրել է, որ նախկինում աուդիտ անցկացրած ՄԱԿ-ի ICAO-ն «առանձնապես չի խորացել», երբ ստուգում էր, իսկ եվրոպացիները խորանում են։
* 2020, ապրիլի 6
Փաշինյանը հայտարարել է, թե խնդիրը Աֆրիկայում ժամանակին թռիչքներ իրականացրած ավիաընկերությունների մասին է, որոնք, ըստ նախնական վարկածի, ներգրավված են եղել զենքի վաճառքի մեջ։ Քրեական գործ է հարուցված։ Հավելել է, որ ՄԱԿ-ի ICAO-ն աուդիտ իրականացրել է ընդամենը հարցումներ անելով, իսկ եվրոպացիները տեղում ստուգում են։ Այսինքն՝ նախկին վարկանիշը վստահելի չէ, իսկ ներկայիս գնահատականն, ըստ երևույթին, վստահելի է։
* 2020, մայիս
Սպասվում է Եվրահանձնաժողովի նիստ, որի ընթացքում EASA աուդիտի արդյունքների հիման վրա հավանական է՝ որոշում կայացվի ոչ հօգուտ Հայաստանի։
---
Անպատասխան հարցեր․
Եթե խնդիրը ժամանակին Աֆրիկա իրականացրած թռիչքներն են, իսկ ՔԱԿ-ի ղեկավար է Ռևազյանը արդեն գրեթե 2 տարի, ինչո՞ւ են միայն այս հոկտեմբերին զգուշացնում ՔԱԿ-ին վերացնելու բացթողումները, իսկ հիմա ավել կոշտացնում դիրքորոշումը։
Եզրահանգումը, որ պատճառը Աֆրիկան չէ, որտեղ այլևս չեն թռչում, եթե դա խնդիր է եղել առհասարակ, իհարկե, այլ որևէ այլ պատճառ կամ պատճառների բույլ, այլապես նման կոշտ դիրքորոշում չէր լինի։ Քրեական գործը, որը կա անցյալից մի փաստի վերաբերյալ, այն էլ պարզ չէ՝ կապացուցվի, թե ոչ, չի բացատրում՝ ինչու են դիրքորոշումը կոշտացրել հիմա։
* Ինչպե՞ս է ստացվել, որ ՄԱԿ համապատասխան ավիացիոն կառույցը «չի խորանում» ու աուդիտ է իրականացնում «հարցումներ անելով», հետևաբար վստահելի չէ, հետևաբար իր տվալ գնահատականներն անցյալում վստահելի չեն, իսկ եվրոպական կառույցը, որը գործում է նախ և առաջ ՄԱԿ կանոնակարգերի համաձայն, «խորանում է» ու ոչ թե հարցումներ է անում, այլ գալիս, ստուգում է, հետևաբար վստահելի է։ Հիմա պե՞տք է վստահել այս եվրոպական կառույցին, որը բացթողումներ է գտել շուրջ երկու տարի Ռևազյանի կոմից ղեկավարած կառույցում, թե՞ չվստահենք ու հավատանք, որ խնդիրը Աֆրիկա իրականացվող թռիչքներն են, որոնք Ռևազյանի կառույցը, բնական է, վերահսկում է։
* Ներկայացվեց ՄԱԿ-ի կառույցի տեղական ներկայացուցչի նամակը, որտեղ նա ողջունում է Ռևազյանին՝ որպես ղեկավարի։ Սա այն կառույցն է, որը վստահելի չէ՝ ըստ Ռևազյանի ու Փաշինյանի։ Հիմա արժի՞ անվստահելի այս կառույցի ներկայացուցչի խոսքերին հավատալ, թե՞ նա առանձնապես «չի խորանում»։
* Եթե ՔԱԿ-ում կային լուրջ խնդիրներ, ինչպես պնդում է ներկայիս ղեկավարը՝ փորձելով գնդակն իրենից հետ կանգնածներին նետել, մի՞թե երկու տարին բավական չէ՞ր խնդիրները գոնե մասնակի լուծելու համար, որ չհայտնվեին մի խայտառակ վիճակում, որում Հայաստանը մինչ այս, կարծում եմ, երբեք չի գտնվել։
* Եթե աշխատակազմ ունենալու խնդիր է, մի՞թե չէր կարելի երկու տարում վերապատրաստել կադրերի, որոնք կկարողանային փոխարինել աշխատանքից դուրս եկած բազմաթիվ պրոֆեսիոնալների։ Գրվել է թռիչքային պիտանիության վարչության պետի մասին, ով միակն է Հայաստանում իր ոլորտում, իրավաբանական վարչության պետը, ով մեծ փորձ է ունեցել միջազգային գործընկերների ու, ըստ երևույթին, իրավաբանական թղթաբանությունը կանոնակարգելու գործում, փոխնախագահը կոմիտեի, ով եղել է թռիչքային անվտանգության եզակի մասնագետ։ Գրվել է բազմաթիվ այլ աշխատակիցների մասին, ովքեր լքել են աշխատանքը։ Աշխատել են տասնամյակներ, ունեն լիցենզավորում, գիտելիք, փորձ, ու ովքեր, ինչպես հասկանում եմ, որոշել են դուրս գալ աշխատանքից՝ նոր ղեկավարության հետ աշխատել չկարողանալով։
---
Իմ անձնական եզրահանգումը
Եթե Աֆրիկա չեք թռչում, ձեզ դրա համար չէին զգուշացնի հոկտեմբերին, հետո՝ դեկտեմբերին, հետո էլ գային, տեղում ստուգեին ու հիմա էլ հարցը դնեն արդեն պատժելու։ Հերիք է՝ մեղավորներ գտնեք բոլորի մեջ՝ բացի ձեզնից։ Գործ արեք, եթե կարող եք։