Pastinfo.am-ը գրում է․

Արտակարգ դրության պայմանները պետք է խստացնել ու սահմանափակումները պահպանել, եթե ոչ մինչև մայիսի սկիզբը, ապա գոնե մինչև ապրիլի վերջը, քանի որ Հայաստանը դեռ չի հաղթահարել կորոնավիրուսով վարակվածության պիկը: Նման կարծիք է հայտնել Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը։

«Մենք անկառավարելի վարակ ունենք, որը տարածվում է: Չգիտեմ, վարչապետի հայտարարությունը պոպուլի՞զմ է, գրագիտության պակա՞ս, իրավիճակին չտիրապետելու հետեւա՞նք թե՞ դիտավորություն, բայց ողնաշարը կոտրելու իշխանությունների մոլուցքն իրականությանը չի համապատասխանում, որովհետև այսօր մենք ավելի շատ վարակված ունենք, քան բուժված, այսինքն` մենք դեռևս կորը բարձրանում ենք և չենք իջնում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանը, անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ եթե Կառավարության կանխավարկածն արդարանա, ապա երկուշաբթի օրվանից հնարավոր կլինի մտածել ռեժիմը թուլացնելու մասին:

Նա վարչապետի այս հայտարարությունը կապեց ամառային զորակոչի հետ ու նշեց՝ հասկանալի է՝ վարչապետի տղան պետք է զորացրվի, բայց դա այն գինը չէ, որ պետք է պետությունը վճարի:

«Ունենք խնդիրներ, որոնք պահանջում են լուրջ որոշումներ թե՛ առողջապահական, թե՛ տնտեսական և թե՛ սոցիալական առումով: Այն, ինչ հիմա կատարվում է, դա վարակի դեմ պայքար չէ, այլ պայքարի իմիտացիա է: Եթե այսպես շարունակվի իշխանություններն ուղղակի հանելու են այս արտակարգ դրությունը, մարդիկ շարունակելու են վարակվել ու վարակակիրներից ոմանք բուժում ստանալու են, ոմանք՝ ոչ, այսինքն` ազգի մեծ մասը վարակվելու է:

Իսկ դա ճիշտ մոտեցում չէ»,-ասաց բժիշկը:

Նա նշեց, որ կան մարդիկ, ովքեր ուզում են թեստ հանձնել, բայց նրանց չեն թեստավորում, բուժանձնակազմին նորմալ, պաշտպանիչ արտահագուստ չեն տրամադրում, կամ տրամադրելու դեպքում էլ պարտադրում են, որ այն մշակեն ու երկրորդ անգամ հագնեն. «Մեր երկրում կա չկառավարվող վարակ, իրավիճակին չտիրապետող կառավարություն ու արտակարգ դրություն, որի ընթացքում նույնիսկ ներկա դրությամբ հնարավոր չէ վարակը վերցնել հսկողության տակ»:

Գրիգորյանը մատնանշեց նաև մարզային բժիշկների համար առաջացած դժվարությունները. «Գյումրիի պոլիկլինիկաներում պաշտպանիչ արտահագուստ չկա, շատ բժիշկներ քաղաքացիներին ասում են, որ չգան պոլիկլինիկա ու մնան տներում, քանի որ վախենում են վարակվելուց, Աշտարակի հիվանդանոցում բավականին մեծ քանակությամբ բուժաշխատողներ արդեն մեկուսացված են, որովհետև շփվել են վարակակրի հետ: Խոսում ենք բժիշկներին շնորհակալություն հայտնելուց, բայց նույնիսկ իրենց արտահագուստ չենք տրամադրում, սա ինչ է եթե ոչ պոպուլիզմ»:

Դիտարկմանը, թե մարզերում կորոնավիրուսի տարածվածությունը բավականին մեծ է, իսկ բնակիչները մեծամասամբ կանխարգելիչ միջոցառումներին չեն հետևում, բժիշկն արձագանքեց. միջոցառումներ չեն ձեռնարկվում, քանի որ պետությունը բնակիչներին դիմակ չի տրամադրում, դիմակն էլ թանկ է, մարդիկ չեն կարողանում գնել: Մյուս կողմից էլ նրանք պետք է իրենց հողը մշակեն, անասունին տանեն արածացնելու, չեն կարող տանը մնալ:

«Ինչ պետք է անեն այդ մարդիկ, գյուղացուն իր գործը թույլ չի տալիս, որ տանը մնա: Մսի գինն էժանանում է ու գյուղացիները սկսելու են իրենց ունեցած գլխաքանակը մորթել, որպեսզի տակ չտան, երբ մորթեն արհեստականորեն այդ գինը սկսելու է բարձրանալ: Գյուղացին մտածում է ինչ անի, ինչպես այս ամենից դուրս գա, սակայն պետությունը որևէ կերպ չի աջակցում նրան ու չի ֆիքսում գներ, որից ցածր չպետք է իջնի մսամթերքը, չի ֆիքսում մանր ու միջին բիզնեսին աջակցության ծրագրեր, հասկանում եմ, շատ լավ կարողանում է խոսել մեր վարչապետը, շատ լավ լայվ են մտնում, բայց լայվով ու խոսելով համավարակ չեն հաղթահարում»,-ասաց Գևորգ Գրիգորյանը:

Շարունակելով խոսքը, մասնագետն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում պետք է դադարեցնել պոպուլիզմը և հանրությանը «տեղեկատվական աղբ» չմատուցել. «Հիվանդանոց ենք վերապրոֆիլավորում, 650 մահճակալ ենք դնում և այլն, այդ ամենը պետք է դադարեցնել, բժիշկների մոբիլ խմբեր պետք է ձևավորել, ովքեր տնային պայմաններում կկարողանան հսկողություն սահմանել մարդկանց վրա, միակ մեթոդը դա է և դա քննարկման ենթակա էլ չէ նույնիսկ, որովհետև մնացած մեթոդները, որ հիմա կիրառվում են արդեն իսկ ժամանակավրեպ են: Ես տեսնում եմ՝ ինչպես են բուժաշխատողները վախենում կորոնավիրուսից ու ինչպես են նրանց պարտադրում հիվանդների հետ շփվել, ինչպես են հիվանդանոցների ու մեկուսարանների ղեկավար անձինք իրենց PR-ն անում, դա արդեն իսկ տհաճություն է պատճառում, որովհետև բժիշկներն անկախ նրանից կորոնավիրուսի դեմ են պայքարում, թե այլ հիվանդության, իրենց առօրյա գրաֆիկով աշխատում են ու նման նկարներ գցելը, կամ հոլովակներ նկարելը զուտ մարդկանց ուշադրությունը շեղելու ու գլխի տակ փափուկ բարձ դնելու համար է»:

Նրա խոսքով, Հայաստանում համալսարանական երեք հիվանդանոցներ ինֆեկցիոն առանձնացված բաժանմունքներ և մասնաշենքեր ունեն, որտեղ կարող են հիվանդներ տեղավորել, բայց նախարարությունը հիվանդանոց է դատարկում, որպեսզի այն զբաղվի կորոնավիրուսի վարակակիրներով. «Այս գործելաոճի պատճառը «ամեն ինչ գիտեմ», «ամեն ինչ կարող եմ»-ի կոնտեքստ է, կարծում են, թե իրենք իրենցով, իրենց ընկերներով կկարողանան ամեն բան անել, բայց արդյունքում անիմաստ ինչ-որ բաներ են անում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել