Մեր ժամանակների ամենաազդեցիկ հոգևոր առաջնորդներից մեկը՝ բուդդիստ վանական Թիթ Նաթ Հանը, պատմել է կանոնների մասին, որոնք կօգնեն երջանիկ լինել: 

Ժպտացեք

Եթե ուզում եք ապրել խաղաղության և ուրախության մեջ, սկսեք ամեն օրը ժպիտով: Դա բավարար է դրական ալիքի վրա տրամադրվելու համար:

Դադարեք կլանել նեգատիվը

Շատ հաճախ մենք թույլ ենք տալիս չար խոսքերին, սարսափելի պատկերներին և գրգռիչ ձայներին ներս խուժել մեր ուղեղ և իրենց հետ բերել տխրություն, վախ և անհանգստություն: Ուշադրություն դարձրեք նրան, թե ինչ եք արտաքին աշխարհից ներս թողնում ձեր մեջ:  Ինչո՞ւ դիտել «բոևիկ» և սարսափ ֆիլմեր, եթե դրանք վատթարացնում են ձեր հոգեկան վիճակը:

Իհարկե, դա վերաբերում է ոչ միայն հեռուստատեսությանը: Այնքան շատ գայթակղություններ և թակարդներ կան մեր շուրջը, որոնցից  պետք է զգուշանալ: Պարզապես ավելի տարբերող պետք է լինել: Դուք պետք է գիտակցեք, թե ինչն է վնասում ձեր նյարդային համակարգը, ուղեղը և սիրտը, և, թե ինչն է օգտակար: 

Կենտրոնացեք ներկա պահի վրա

Ճաշելու ընթացքում փորձեք համտեսել ուտելիքի ամեն մի կտորը, այլ ոչ թե՝ շտապելով կուլ տալ: Հաղորդակցման ժամանակ ամբողջությամբ կենտրոնացեք խոսակցության վրա, այլ ոչ թե սավառնեք երկնքում: Պարտեզում զբոսնելիս ուշադիր հետևեք  այն ամենին, ինչը ձեզ շրջապատում է, և վայելեք զգացողությունները, այլ ոչ թե մտածեք ձեր խնդիրների մասին:

Եթե դուք ամեն ինչ անում եք  «ավտոպիլոտի» տակ, ապա կյանքն անցնում է առանց ձեր իսկ մասնակցության: Սովորեք լինել այստեղ և հիմա: Եվ նույնիսկ այնպիսի պարզ գործողություններ, ինչպիսիք են սպասք լվանալը կամ ատամները մաքրելը, Ձեզ ուրախություն կպարգևեն:

Մի շտապեք

Ժամանակակից մարդիկ շատ նպատակասլաց են: Մենք ճշգրիտ գիտենք՝ ուր ենք գնում, և շարժվում ենք ճիշտ ուղղությամբ: Երբեմն դա անհրաժեշտ է, բայց ճանապարհին մենք մոռանում ենք վայելել կյանքը:

Փորձեք գոնե երբեմն գլխից դուրս հանել բոլոր նպատակները և չշտապել: Պարզապես նստեք՝ առանց ինչ-որ բանով զբաղվելու: Մեդիտացիա արեք: Մենք միշտ ինչ-որ տեղ ենք շտապում: Բայց ժամանակ առ ժամանակ պետք է կանգ առնել:

Ուրախություն գտեք ինքներդ ձեր մեջ

Մենք կուրորեն հավատում ենք, որ ուրախություն և անհոգություն կգտնենք, եթե հաջողության հասնենք կամ լուծենք առկա խնդիրները: Սակայն իրականում արտաքին պայմանները նշանակություն չունեն, քանզի երջանկության աղբյուրը հենց մեր մեջ է:

Կառչելով ապագայի նկատմամբ հույսից՝  դուք կորցնում եք այսօր երջանկություն գտնելու հնարավորությունը: Ուղղորդեք ձեր էներգիան այն բանի վրա, որ ավելի լավ հասկանաք ձեզ և ձեր «այսօրը»:

Ժպտացե՛ք, թուլացե՛ք, կատարեք մի քանի խորը շունչ, ձեր մարմնում զգացե՛ք կյանքի ռիթմը: Սովորե՛ք նկատել երջանկության փոքրիկ պահերը, և վայելեք դրանք, երբ դուրս եք գալիս զբոսանքի, լոգանք  ընդունեք, խաղացեք ձեր կենդանու հետ: Սկսե՛ք սերմանել ձեր մեջ սերը, բարությունը, երախտագիտությունը և կարեկցանքը: Այս զգացմունքներից է ծնվում իրական, մաքուր երջանկությունը:

Ըմբռնող եղեք

Եթե դուք որևէ բույս եք ցանել, և այն վատ է աճում, դուք նրան չեք մեղադրում և չեք զայրանում: դուք փորձում եք գտնել պատճառները և մտածում եք՝ ինչպես օգնել նրան: Գուցե պետք է այն պարարտացնել, ջրել և պաշտպանել արևից: Սակայն, եթե  խնդիրներ են առաջանում ընկերների և հարազատների հետ, մենք հենց իրենց ենք մեղադրում: Պետք է սովորել հոգ տանել նրանց մասին, և ամեն ինչ լավ կլինի նրանց հետ:

Մեղադրանքներից, ինչպես նաև մարդուն վեճերի և կշտամբանքի միջոցով համոզելու փորձերից երբեք ոչ մի լավ բան չի ստացվում: Դրանով կարելի է միայն փչացնել հարաբերությունները: Միայն ըմբռնումն ու սերը կարող են իրավիճակին լավ հանգուցալուծում տալ:

Մենք պետք է գիտակցենք, որ մեզ մոտ զայրույթ առաջացնող մարդու մոտ պատճառներ կային այդպես վարվելու: Օրինակ՝ եթե մեզ ինչ-որ մեկը կշտամբում է, հնարավոր է, որ իր ղեկավարն օրվա սկզբին իր հետ նույն տոնով է խոսել, կամ էլ հնարավոր է, որ փոքր ժամանակ նրա վրա իր հարբեցող հայրն է ձայն բարձրացրել: Սա հասկանալով՝ մենք սկսում ենք մեր միջից դուրս հանել նեգատիվը և ուրիշներին կարեկցանքով վերաբերվել:

Սիրեք մենությունը

Ոմանք կարծում են, որ ուրախություն կարելի է միայն զգալ այն մարդկանց շրջապատում, որոնց հետ դուք կարող եք զրուցել, ծիծաղել և զվարճանալ:

Բայց դա այդպես չէ: Ընդհակառակը, եթե դուք միշտ գտնվեք ընկերական շրջապատում, ապա էմոցիաների սպառում կզգաք: Բայց դրա փոխարեն՝ միայնակ մնալով ինքներս մեզ հետ՝ կարգի ենք բերում մեր մտքերն ու զգացմունքները:

Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ ամեն օր որոշակի ժամանակ հատկացնենք լռության և մենության մեջ գտնվելու համար:

Սա ձեզ ուժ կհաղորդի և կօգնի խորը ներթափանցել ինքներդ ձեր մեջ:

Լավ բանի մասին մտածեք

Մարդիկ հաճախ հարցնում են՝ ի՞նչն է վատ, և սրանով իսկ մեծացնում են իրենց դժգոհությունը: Մտածելով կյանքի բացասական կողմերի մասին, կամ, թե ինչ է մեզ պակասում՝ մենք ջրում ենք տառապանքների, զայրույթի և հիասթափության սերմերը:

Մենք շատ ավելի երջանիկ կլինեինք, եթե սովորեինք հարցնել՝  ի՞նչն է լավ:

Մտածեք այն լավ բաների մասին, ինչն  ունեք: Եթե ձեզ հետ ոչ մի վատ բան տեղի չի ունեցել, դա նույնպես ուրախության առիթ է: Ձեր գլուխը չի՞ ցավում, դուք այսօր ձեր աշխատանքը չե՞ք կորցրել և ոչ ոքի հետ չե՞ք վիճել, դուք ստիպված չե՞ք լինում սոված մնալ կամ դրսում գիշերել:

Դուք երջանիկ մարդ եք:

«Խաղաղություն ամեն քայլում» («Мир в каждом шаге») և «Լռություն» («Тишина») գրքերում առկա նյութերի համաձայն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել