Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեկ անգամ չէ, որ սոցիալական ցանցերի իր միլիոնավոր հետևորդներին հիշեցրել է իր հայկական արմատների մասին. այս անգամ Քարդաշյանի Twitter-ի էջ մտնող յուրաքանչյուրի համար ակնհայտ կլինի անընդհատ հանդիպող հայկական եռագույնը: Հեռուստաաստղը հիշել է Հայաստան կատարած վերջին այցը, դրա մանրամասները, կիսվել Հայաստանի ու իր կապի վերաբերյալ տարբեր օգտատերերի գրառումներով, Հայաստան այցը կրկնելը համարել երազ:
Վերջին մի քանի ժամերի գրառումների գրեթե մեծամասնությունը Հայաստանի մասին են: «Հայաստան մեր այցելությունն ամենալավն էր»,- գրել է Քարդաշյանը:
Հեռուստաստղը կիսվել է հայտնի օնլայն ծրագրի արդյունքով, որը, ըստ լուսանկարի, դիմագծերով գուշակում է ազգությունը: Այսպիսով Քարդաշյանը 47 տոկոսով նման է հայի, 29 տոկոսով՝ իռլանդացու, 20 տոկոսով՝ բրիտանացու և 4 տոկոսով՝ իսպանացու:
Հեռուստաաստղի էջում են նաև տարբեր օգտատերերի հրապարակած լուսանկարները՝ Հայաստան կատարած վերջին այցից: Դրանցից մեկն օրինակ Էջմիածնի Մայր տաճարում մկրտության օրվա լուսանկարներից է:
Քարդաշյանը վերջին մի քանի ժամերի իր գրառումներով հիշել ու իր միլիոնավոր հետևորդներին հիշեցրել է Հայաստան կատարած իր վերջին այցի մանրամասները: «Հայոց ցեղասպանության հուշահամալիր ու թանգարան-ինստիտուտ այցը խորաթափանց փորձերից մեկն էր: Այն աչքեր է բացում: Ես շատ բան իմացա հայ ժողովրդի պատմության մասին»,- գրել է հեռուստաաստղը:
Քարդաշյանը հիշել է նաև նախագահ Արմեն Սարգսյանի հետ իր ճաշը՝ գրելով. «Ինձ համար մեծ պատիվ էր ճաշել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ հետ»: Քարդաշյանը նաև գրել է, որ շատ է հավանում Հայաստանում արված ֆոտոսեսիան: «Այս լուսանկարները միշտ կմնան, և մենք ամենալավ հիշողություններն ունենք»:
Օգտատերերից մեկը հետաքրքրվել է՝ պատրաստվում են արդյոք երեք աղջիկները (նկատի ունի Քարդաշյան քույրերին) կրկին վերադառնալ Հայաստան: Քիմն արձագանքել է. «Դա երազ կլիներ»: