Yerkirmedia.am-ը գրում է.

 

Ռուսաստանում արտակարգ պատահարի համար մեղադրվող հայ վարորդի ընտանիքի անդամները հայտնվել են անելանելի վիճակում: Օտարության մեջ գտնվող իրենց հարազատին օգնել չեն կարող Հայաստանից, սակայն դեռեւս հույսը չեն կորցրել, որ մեր պետությունն արդար դատ իրականացնելու հարցում կօգնի:
Մեղադրյալի Երեւանի տանն է եղել մեր հեռուստաընկերության նկարահանող խումբը:
"Մեր խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իհարկե, ցավը մեծ ա, կա մահ, որի պատճառն, ինչպես իրենք են ներկայացնում, Հրաչն է: Բայց էդպես չի, չգիտեմ, ոնց ասեմ, որ պատկերացնենք, թե դա իրենից ինչքան հեռու է",- ասաց Պարույր Մկրտչյանը՝ Ռուսաստանում դատարանի առջեւ կանգնած հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հարեւանը։
Հնարավոր է՝ Պոդոլսկի մոտ տեղի ունեցած դաժան ավտովթարի զոհերի հարազատներն այս խոսքերը չհասկանան կամ հասկանալու դեպքում՝ չընդունեն: Ամեն դեպքում, Հրաչի հարեւանը, որը հավաքվածներից ամենահանգիստն էր, ընտանիքի ողջ անունից փոխանցեց, որ իրենք խորապես ցավում են կատարվածի համար: Սակայն ե՛ւ ընտանիքի անդամների, ե՛ւ Պարույրի կարծիքով, այն որ բեռնատարի ղեկին Հրաչն է եղել, ոչ մի կերպ չի ապացուցում, որ վթարի համար հենց ինքն է մեղավոր: Բոլոր հարազատները՝ դիտելով համացանցում տարածված տեսանյութը, եկել են այն եզրակացության, որ ավտովթարը տեղի է ունեցել մեքենայի անսարքության պատճառով:
"Ինքը մի տոկոսի շանս չի ունեցել, հակառակ դեպքում կաներ ամեն ինչ, որ էդ բանը չլիներ: Տեսնում ենք կադրերում, որ ինքը փախցնում է, մյուս մեքենաներից, ինչ տարբերություն, էնտեղ կարող է մարդիկ չլինեին կամ երեխաներ, բայց ինքը շրջանցում է, ու մինչեւ վերջ վտանգելով իր կյանքը` մնաց ավտոյի մեջ, չթռավ ավտոյից, հայավարի ասած` չասեց, ջանադամը կարեւորը ես փրկվեմ. չէ մինչեւ վերջին վայրկյանը մնաց մեջը, որ պահեր ավտոն",- ասաց Պարույր Մկրտչյանը։Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանին Տվերի դատարանի դահլիճ են տարել կանացի գունավոր խալաթով, չսափրված: Նրան մեղադրում են Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի համար: Վթարից հետո նա գտնվում էր Բոտկինի հիվանդանոցում: Հետաքննության պահանջով, բժիշկները դեղամիջոցների օգնությամբ նրան հանել էին քնից եւ դատարան տարել: Իր այդ վիճակից վարորդը դատարանում հազիվ է զսպել արցունքները:
Հրաչի հարազատները ոչ մի կերպ չեն կարողանում ընդունել, հասկանալ, կամ արդարացնել, ինչպես ասում են՝ մեր բարեկամ երկրի իրավապահ մարմինների նմանօրինակ արարքը:
"Հրաչը եղել է այն անձանավորությունը, որը եղել է մեր հայրենիքի պաշտպանը, որն այսօր ծաղրում են, ծաղր ու ծանակի են ենթարկում, էդ հոգեվիճակում էդպիսի հարցեր են տալիս մեր կառավարությունը պիտի պայքարի, թույլ չտա, որ ոտանահարվի իրենց երկիրը պաշտպանողի իրավունքները",- ասաց Հրաչի եղբայրը՝ Հայկ Հարությունյանը։ 
"Մարդիկ ինչ հանցագործույթուն ասես, անում են, կոստյումով կոշիկներով, բերում նստացնում են փաստաբանի կողքին՝ ժպիտը դեմքին, իսկ էս մարդուն, որ ում հետ ասես, կարար լիներ, խալաթով ու չստերով բերում են, դա անմարդկային քայլ է",- վրդովվում է հարեւանը:
Հրաչի կինը՝ Անահիտը, պատմում է` մինչեւ դեպքը՝ նույն օրն առավոտյան խոսել է ամուսնու հետ, հետո արդեն կատարվածի մասին իմացել են լրատվամիջոցներից:
 "Առավոտյան զանգեց, 11-ի կողմերը կլիներ, ասեց` ո՞նց եք, ի՞նչ եք անում, ասացի՝ լավ ենք, ասաց՝ գործի եմ գնում, մի 5 րոպե խոսեցինք, ասաց, լավ՝ ավելի ուշ էլի կզանգեմ: Էն զանգելն էր, որ պիտի զանգեր: Մեզ ոչ ոք չի զանգել, ոչին չի ասել, մենք լուրերից ենք իմացել: Նույնիսկ մենք հարազատներ ունենք Մոսկվայում, գնացել են, նույնիսկ բժիշկներ չեն թողել, որ մոտենան, իրենք էնպես են ներակայցրել, որ կարող է մահացածների հարազատներից լինեն, ուզենան վրեժ լուծել",- ասաց Հրաչի կինը՝ Անահիտ Մարտիրոսյանը:
Ընտանիքի անդամները, բարեկամներն ու ընկերները պատմում են` Հրաչը բեռնատար ավտոմեքենաներ վարելու մեծ փորձ ունի, այդ գործով է զբաղվել շուրջ 15 տարի: Արտագնա աշխատանքի մեկնել է 3 ամիս առաջ, ինչպես իրենք են ասում` մոր եւ որդու գերեզմանների տապանաքարերի տեղադրման համար գումար վաստակելու նպատակով:
"Մայրը մահացավ 2011 թվականին, դրանից հետո տղան բանակից եկավ, մեկ ամիս անց տղան ասաց՝ գլուխս ցավում է, տարանք Քանաքեռի հիվանադանոց, էնտեղ վիրահատեցին, մի ամիս էլ չանցավ, մահացավ: Դրանից հետո գնաց Ռուսաստան։ Ասի՝ տղա ջան, ո՞ւր ես գնում, թե գնամ մի երկու կեպեկ փող աշխատեմ, բերեմ գերեզման սարքեմ",- պատմեց Հրաչի հայրը՝ Հովսեփ Հարությունյանը։ 
"Որ չունենք նախագահ, չունենք պաշտպան դա փաստ է, էսքան ժամանակ մեզ ոչնչով չեն աջակցել ու դժվար էլ աջակցեն: Համենայն դեպս՝ մի բան կասեմ, իմ հայրը լինելով ազատամարտիկ՝ պաշտպանել է հենց իրենց նմաններին, իր կյանքը վտանգել է, որ իրենց նմանները հիմա հանգիստ ապրեն մեր երկրում",- ասաց դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը։ Հարազատներն ասում են, որ Հրաչը դեռեւս փաստաբան չունի, իսկ այստեղից ոչնչով չեն կարող օգնել նրան: Ընտանիքի անդամները, չնայած մինչ այժմ անձամբ ոչ մի արձագանք չեն ստացել պատկան մարմիններից, ամեն դեպքում, հույս ունեն, որ Հրաչը Հայաստանի իշխանություններից աջակցություն կստանա:
Ի դեպ, երբ լուր հրապարակվեց, որ Հրաչյան արտագնա աշխատանքի է մեկնել որդու շիրմաքարի տեղադրման համար գումար աշխատելու նպատակով, որոշ լրատվամիջոցներ շահարկեցին այն հանգամանը, թե Հրաչի որդին` Սերոբ Հարությունյանը, սպանվել է բանակում: Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում. "Սերոբը զորացրվել է 2011 թվականին, մահացել է 2012 թվականին` գլխի քաղցկեղից":

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել