Հրաչյա Հարությունյանը...

Հրաչյան՝ նախկին ազատամարտիկը, հնարավորություն չունենալով իր որդու շիրմաքարի համար բավարար փող վաստակելու ա՛յն երկրում, որի համար նա անցել էր պատերազմի հրով, գնացել էր մի այլ երկիր, մի մեծ երկիր, որպեսզի մի քանի կոպեկ փող վաստակի... հենց ա՛յն երկրում իր որդուն շիրմաքար կանգնեցնելու համար, որի համար նա կռվել էր և որի իշխանավորների համար նա, հավաբանար, ոչինչ չարժեր... 
Որովհետև եթե նախկին ազատամարտիկն արժեք ունենար այն երկրի իշխանավորների համար, որի համար նա կռվել էր, նրան չէին թողնի՝ գնար... Նրան կխնդրեին, որ չգնար... Նրան, եթե ոչ անգամ բարեկեցիկ կյանքով, ապա առնվազն հավատով ու ապագայի համար հույսով կապահովեին, ու մի քանի կոպեկ վաստակով, որ բավարար լիներ՝ որդուն շիրմաքար կանգնեցնելու….
Իսկ նրանք, որ ի պաշտոներ պարտավոր էին, երևի չեն մտածել՝ զորակցել Հրաչին այն երկրում, որի համար նա կռվել էր: Ոչ ոք չի կանգնել նրա առաջին և չի ասել. “Էդ ուր, Հրա՛չ”, երբ ինքը, ճամպրուկն առած, աչքը հյուսիս հառած, այլևս ոչ մի բանի հույս չունենալով՝ ճամփա ելավ դեպի Ռուսիա… Ոչ ոք: 
Ու հիմա Հրաչը՝ նախկին ազատամարտիկը, ով Ռուսիա է գնացել՝ որդու շիրմաքարի համար փող վաստակելու, խայտառակված, ծաղրված և, որ ամենասարսափելին է՝ նա ինքն իսկ անմեղ, բայց 18 անմեղ զոհերի մեղքի բեռը սրտում, մի կանացի չգիտես որտեղից գտնված անհասկանալի խալաթով, արցունքներն ինչքան դուրս, այդքան ու երկու այդքան էլ ներս թափելով՝ ռուսական դատարանի դահլիճում… դարձել է մի դժբախտ “տելեաստղ”, ում ձախողված կյանքի վրա բիզնես են անում ռուսական հեռուստաալիքների լրագրողները….
Հրա՛չ, դու մենակ մնացիր Մոսկվայում, ու քեզ հիվանդանոցում մի մարդավարի հագուստ էլ տվող չեղավ, որովհետև դու հենց սկզբից մենա՛կ մնացիր հենց ա՛յն երկրում, որի համար կռվել էիր, ու որտեղ չէիր կարող մի շիրմաքարի փող վաստակել… Դու մենակ էիր այս երկրում, ու քեզ ձեռք բռնող չկար նրանց միջից, ովքեր ամեն պաշտոնական առիթի “Հարսնաքարում” խմում են քո կերտած հաղթանակի կենացը: Դու 18 անմեղ զոհերի հարազատների անեծքների թիրախ դարձար, որովհետև քեզ այս երկրից թողեցին՝ գնաս որդուդ շիրմաքարի փող վաստակելու ա՛յլ երկրում… Ավելին՝ ամե՛ն ինչ արեցին, որ դու գնաս, որ քո նմանները գնան ու Կամազ քշեն Մոսկվաներում…. Ու հիմա ռուս լրագրողները կարիերա են անում քո հոգեկան ցնցման վրա, քո աչքերի ՝ իրենց համար, գուցե, անհասկանալի խորը և վարակիչ թախծի վրա, քո ռուսերեն լավ չիմանալու վրա, ծաղկավոր խալաթիդ վրա… Ու նրանցից ոչ մեկի մտքով, հավանաբար, չեն անցնում պարզագույն հարցերը. 
- Իսկ ինչու էր հայ, հայաստանցի ազատամարտիկ Հրաչը Մոսկվայում Կամազ քշում:
- Իսկ ով Հայաստանն այն օրը գցեց, որ մարդը պետք է արտագաղթի՝ շիրմաքարի փող վաստակելու համար…?

Հ.Գ. - Հրաչին թող չանիծեն հարազատներ ու ընկերներ կորցրած ռուս մարդիկ. նա, լայն իմաստով, նույնպես զոհ է: Հրաչը նույնպես զոհ է և գուցե ավելի քան զոհ, ու մի բանով տարբերվում է ավտովթարի զոհերից. ազատամարտիկ Հրաչն իր պետությա՛ն, նրա իշխանավորների՛ զոհն է… Ավելին քան զոհը. Հրաչն ու նրա նմաններն այն մատաղն են, որ սրանք ամենօրյա ռեժիմով մատուցում են՝ իրենց իշխանությունը մի քանի օր, մի քանի ամիս, մի երկու տարի երկարաձգելու համար…. Ու դեռ մատուցելու են….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել