Tert.am-ը գրում է.

Իշխանությունն իր քայլերով ու գործողություններով անլրջացրեց իրավիճակը՝ սկսած սկզբնական շրջանում կորոնավիրուսի խնդիրն անտեսելուց, քարոզարշավ անցկացնելուց, վերջացրած իրենց հայտնի ելույթներից, մոտեցումներից ու հայտարարություններից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Իշխանության այս վերաբերմունքը, բնականաբար, փոխանցվեց նաև հասարակությանը և մթնոլորտ ստեղծվեց, թե սա անլուրջ է, կորոնավիրուսն էլ հասարակ գրիպ է և այլն: Հիմա, երբ խոսում են համընդհանուր հանգստությունից, բնականաբար, լավ է որ խուճապ չկա, բայց նաև պետք է հասկանան, որ այս ամեն ինչի պատասխանատուն և գլխավոր մեղավորը իրենք են, որ ի սկզբանե անլուրջ են մոտեցել այս հարցին»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ Համաշխարհային բանկը կորոնավիրուսի դեմ պայքարին Հայաստանին հատկացրել է ընդամենը 3 մլն դոլար, Սաղաթելյանը նշեց. «Մենք մեր առաջարկությունների փաթեթի մեջ այս մասով մի քանի լուծումներ ենք առաջարկել. օրինակ՝ արտաքին պարտքի հետ կապված միջազգային գործընկերների հետ որոշ բանակցություններ ինչպես վարվեն՝ վերաձևակերպվեն դրանք, վճարումները ուշացնելու հետ կապված, և առաջարկել ենք նոր միջոցներ ներգրավվեն այս իրավիճակը հաղթահարելու համար: Ակնհայտ է, որ այս ուղղությամբ դեռ լուրջ արդյուքններ չունենք»,- նշեց նա:

Անդրադառնալով ՌԴ կողմից գազի գնի թանկացմանը՝ Սաղաթելյանը նշեց, որ ամեն ինչ շատ հստակ է. «Հայաստանի Հանրապետությունում կա ձևավորված իշխանություն և երկրում տեղի ունեցող ցանկացած լավի և վատի համար առաջին պատասխանատվությունը կրում է իշխանությունը: Նրանց բոլոր փորձերը՝ մեղքը սրա նրա վրա գցելու, անիմաստ են: Այս ամեն ինչի համար կան լիազրոված մարդիկ, դա իշխանությունն է: Իշխանությունն է, առաջին հերթին պատասխանատվություն կրում երկրում տեղի ունեցող ցանկացած իրավիճակի համար, ուստի երկրում տիրող այս իրավիճակի պատասխանատուն վարչապետ Փաշինյանն ու իր իշխանությունն է»,- հայտարարեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել