Asparez.am-ը գրում է.
Ռուսական ռասիզմն ու շովինիզմը չափ ու սահման չունեն, նաեւ՝ անմարդկայնությունը: Ռուսական դատաիրավական համակարգը փտած է էն գլխից՝ հիմքից: Այդ համակարգի համար գոյություն չունեն իրավական սահմաններ ու նորմեր, այդ համակարգը անմարդկային է, այն ստորացնում ու նսեմացնում է մարդուն: Թեկուզեւ այդ մարդը կասկածյալ, մեղադրյալ ու հանցագործ լինի, ցանկացած տիպի ստորացում դատաիրավական համակարգի համար, օրենքի տեսակետից անընդունելի է: Ռուսական համակարգը այդպիսին է եղել թե նախասովետական շրջանում, թե խորհրդային տարիներին եւ թե այժմ:
Օրերս Մերձմոսկվայում տեղի ունեցավ ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահար, որը խլեց 18 մարդու կյանք: Բեռնատար մեքենան մեծ արագությամբ սլանալով՝ մխրճվել էր ավտուբուսի մեջ: Բեռնատարի վարորդը հայ է՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյան, ով արտագնա աշխատանքի էր մեկնել Ռուսաստան: Նա եղել է ազատամարտիկ, մեկ տարի առաջ հայկական բանակում զոհվել է նրա որդին: Հրաչյան արտագնա աշխատանքի էր մեկնել որդու գերեզմանին շիրմաքար դնելու համար:
Բայց ամեն ինչ ավարտվեց ողբերգությամբ՝ թե պատահարից զոհված 18 մարդու, թե Հրաչյայի եւ թե նրա ընտանիքի համար:
Պատահարից հետո ռուսական մամուլը դեպքին անդրադառնալիս՝ ամեն անգամ շեշտում էր վարորդի հայ լինելու հանգամանքը: Շեշտում էր ոչ որպես սոսկական ինֆորմացիա, տեղեկատվական մանրամասն, այլ հատուկ մղումով ու նպատակադրումով:
Իսկ թե հետո ինչ եղավ դատարանում, մարդկային բանականությունից դուրս է: Ռուս իրավապահները դեպքից հետո սթրեսի ու կոմայի մեջ գտնվող Հրաչյային, ով հիվանդանոցում էր, հատուկ սթափեցնող դեղեր են ներարկել ու կանացի խալաթով տարել դատարան, որտեղ որոշվելու էր նրան կալանքի վերցնելու հարցը:
Կասկածյալի նկատմամբ նման ստորացուցիչ վարմունքը անբացատրելի է: Այստեղ կապ չունի դեպքի ծավալը, վարորդի մեղավորությունը, դրա աստիճանը: Սա անմարդկային, ռասիստական ու շովինիստական վերաբերմունք է քաղաքացու, տվյալ դեպքում՝ ՀՀ քաղաքացու նկատմամբ, ով ստորացված ու անարգված, անօգնական վիճակում հայտնվել էր օտարերկրյա դատարանում: Սա այն դեպքում, երբ նրա մեղքը ապացուցված չէ: Չնայած՝ եթե անգամ ապացուցված լիներ, էլի նման ստորացումը անընդունելի էր:
Իսկ բուն ավտովթարի հետ կապված կան մի քանի հատկանշական հանգամանքներ: Հենց ռուս տեղացիներն են խոստովանում, որ ճանապարհի այդ հատվածում ամեն օր վթարներ լինում են, բայց պատասխանատու մարմինների հեչ պետքն էլ չէ, որեւէ բան չեն անում իրավիճակը կարգավորելու համար: Ուրեմն՝ թող նախեւառաջ այդ պատասխանատու մարմինների ներկայացուցիչներին մեղադրեն ու խալաթ հագցնեն…
Հայտնի է դարձել նաեւ, որ «Կամազը» հավաքվել է երեք տարբեր մեքենաներից, այն արգելված էր շահագործել, չեն գործել արգելակները, սակայն այն ընկերությունում, որտեղ աշխատել է Հրաչյա Հարությունյանը, նրան ասվել է խիճը տեղափոխել հենց այս մեքենայով: «Վարորդի պատասխանատվության մեջ չէր մտնում հետեւել մեքենայի տեխնիկական վիճակին, դրանով պետք է զբաղվի ընկերության ղեկավարությունը»,- հայտարարել է նրա փաստաբան Չաբանովը:
Որպես նյութի վերջաբան. կանացի ծաղկավոր խալաթը կարելի է հետայսու համարել ռուսական ռասիզմի ու շովինիզմի դրոշակ, ռուսական աղտեղության խորհրդանիշ:
Համլետ Կիրակոսյան