Գիտնականներին վաղուց է հետաքրքրում այն հարցը, թե ինչպես կարելի է բարձրացնել մեր կյանքի որակը։ Պատասխանը գտնելու համար նրանք հետևել են տարբեր սոցիալական խավերի մարդկանց կյանքին։ Հետազոտությունները հաստատել են. երջանկությունը կախված է ոչ թե մեկնարկային պայմաններից, այլ սովորություններից, որոնք փոխել կարող ենք բոլորս։
Ններկայացնում ենք դեպի երջանիկ կյանք այն պարզ, բայց կարևոր քայլերի ցանկը, որոնք փորձել կարելի է հենց այսօր։
Քայլ 1. Ուշադրություն դարձնել նրան, թե ինչ ենք մենք ուտում և ինչպես
Առողջությունը երջանկության կարևոր բաղադրիչներից է, և շատ բաներով այն կախված է նրանից, թե ինչպես ենք մենք սնվում։ Առողջ սնունդը առանձնապես շքեղություն չէ, ինչպես թվում է։ Բավական է սկզբի համար հրաժարվել ֆասթ–ֆուդից և գունավոր բանջարեղեն ավելացնել սննդի մեջ։
Քայլ 2. Առաջնահերթությունը տալ հարաբերություններին
Հոգեբանները պարզել են, որ բարեկեցիկ կյանքով ապրող մարդիկ ավելի հազվադեպ են ընդունում իրենց սխալը, ավելի ցածր խավի մարդիկ հեշտությամբ են գնում կոմպրոմիսի, փորձում են լուծել կոնֆլիկտները և առաջնահերթ են համարում մարդկանց հետ իրենց հարաբերությունները և ոչ թե անձնական ձեռքբերումները։ Պետք է չմոռանալ, որ վերջին հաշվով ջերմությունն ու մտերմությունն են մեզ իրապես երջանիկ դարձնում։
Քայլ 3. Խուսափել սթրեսից՝ ուղեղին օգնելու համար
Կորնելի համալսարանի գիտնականները պարզել են, որ քրոնիկ սթրեսը փոխում է մեր ուղեղի կառուցվածքը՝ թուլացնելով կամքի ուժը և վատացնելով հիշողությունը։ Բացի այդ, սթրեսը արագացնում է կանանց ծերացումը։ Ի՞նչ է կարելի անել. շատ շարժվել, քիչ անհանգստանալ այն բաների համար, որոնք մեզանից կախված չեն, ուրախանալ մանրուքներից և հաճախ լսել սրտի ձայնը։
Քայլ 4. Օգտակար սովորություններ ձեռք բերել և երկարացնել կյանքը
Վիճակագրական տվյալների համաձայն՝ հարուստներն ավելի քիչ են հիվանդանում և ավելի երկար են ապրում։ Թվում է, թե պատճառն էլիտար բժշկության հասանելիությունն է։ Սակայն կյանքի որակը շատ բաներով կախված է մեր վնասակար և օգտակար սովորություններից։ Գիտնականներն առաջարկում են սպորտով զբաղվել, ջուր շատ խմել և հրաժարվել ծխախոտից։
Քայլ 5. Ավելի բարի լինել շրջապատի հանդեպ
Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, հենց բարի վերաբերմունքը, կարեկցանքը և այլ մարդկանց օգնելն են մեզ ուրախություն ու բավարարվածություն պարգևում։ Նույնիսկ այնքան մանր բաներից, ինչպիսիք են՝ պահել դուռն անծանոթի առջև, շնորհակալություն հայտնել ավտոբուսի վարորդին, ժպտալ անծանոթին, հոգիդ կարող է ջերմանալ։
Քայլ 6. Ավելի մտածված գնումներ կատարել
Այստեղ պետք է առաջնորդվել «թանկից էժանը չկա» կարգախոսով։ Միշտ էժանը գնելու սովորությունը բերում է ավելորդ ծախսերի, իսկ որակյալ ապրանքը ձեզ երկար կծառայի։
Քայլ 7. Ընտրել շփման շրջանակը
Ամենաճիշտ տարբերակն է լավ հարաբերություններ պահել մեզ համար կարևոր մարդկանց հետ, սահմանափակել շփումները նրանց հետ, ում պահվածքը մեզ համար ընդունելի չէ և անպայման շփման շրջանակում ընդգրկել այն մարդկանց, ում մենք ցանկանում ենք նմանվել։
Քայլ 8. Փորձարկել տրանսպորտի այլընտրանքային տարբերակները
Ամեն շաբաթ մենք մի քանի ժամ անց ենք կացնում ճանապարհներին։ Միգուցե արժե ժամանակ առ ժամանակ մեքենան փոխարինել հեծանիվով։ Ե՛վ օդը չենք աղտոտի, և՛ առողջ կլինենք, և՛ մեզ ավելի երջանիկ կզգանք։