«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները մտադիր են անդրադառնալ դեռևս 1991-ին սեփականաշնորհված գյուղատնտեսական որոշ վարելահողերի վերանայման հարցին։

Սա պայմանավորված է նրանով, որ շատ սեփականատերեր, որոնք ունեն մի քանի հեկտար մշակովի հողեր, վերջին 20-25 տարիներին ՀՀ-ում չեն բնակվում, ավելին՝ անգամ այլ պետությունների քաղաքացիներ են, միաժամանակ իրենց սեփականություն հանդիսացող վարելահողերը առավելապես անմշակ են և ժամանակի ընթացքում վերածվում են խոպանի։

Հաջորդ և առավել առանցքային առիթն այն է, որ գրեթե բոլոր համայնքներում նախկին որոշ գյուղապետներ սեփականաշնորհել են համայնքների լավագույն հողերը (այսպես կոչված՝ ռեզերվները) և սեփական կարիքների համար օգտագործում են վարձակալության անվան տակ։

Դա կատարվել է հետևյալ ընթացակարգով. հողերը մշակվել են իրենց կառավարման տարիներին, իսկ արդեն պաշտոնավարումը դադարեցնելուց հետո 30-50 տարով պայմանագրեր են կնքվել և ներկայումս մշակվում են այդ սկզբունքով։

Այս առիթով, մեր տեղեկություններով, հանձնարարական է իջեցվել հստակ քարտեզագրել և մանրամասն ուսումնասիրել բոլոր ռիսկային խնդիրները, որպեսզի համապատասխան օրենսդրական նախաձեռնություն նախապատրաստվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել