Երբ բոլորը վրդովված խոսում են Հրաչյա Հարությունյանի հանդեպ ռուսների վերաբերմունքի մասին, ամենաշատը ինձ զարմացրեց այն, որ այդ մասին խոսում են նաեւ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ծպտուն անգամ չեն հանել, երբ մեր դատարաններում նվաստացնում էին եւ նվաստացնում են ՀՀ քաղաքացիներին: Այսպես հեշտ է. շատերը այստեղից խրոխտ, հայրենասերի կեցվածքով Ռուսաստանի հասցեին ինչ ասես ասում են, գիտեն, որ անշառ ու անվնաս գործ է, դրանից իրենց մազն անգամ չի պակասի: 
Մեր բազմաթիվ ազատամարտիկների 2008-2009 թվականներին որ դատում էին, մաքսիմալ նվաստացնելու համար հերիք չէ ձեռնաշղթաներով էին դատարան բերում, դեռ ոտնաշղթաներ էլ էին հագցնում, ու դատարանի դահլիճում էլ շղթաները ամրացնում էին ձողերին: Բացառապես նվաստացնելու համար: Նկարում այդ ազատամարտիկներից մեկն է, որը դատապարտվեց զուտ իր ընդդիմադիր հայացքների համար՝ 2008 թվականին: Մարդ, որը պատերազմի ժամանակ աչք է կորցրել, հաշմանդամ է: Ու տեսեք ոնց են կանդալել: Սրանից նվաստացուցիչ երեւույթ հարավոր չէր պատկերացնել: Ու եթե մենք մեր մոտ այսպես ենք վերաբերվել ազատամարտիկներին, Ռուսաստանից ի՞նչ պիտի ակնկալենք: Ու այսօր Ռուսաստանին հայհողներից շատերը այն ժամանակ «ադաբրյամսի» ճիչեր էին արձակում: 
Իհարկե, ռուսների արածը դատապարտելի է, այդտեղ հարց չկա, բայց իմ կարծիքով, ռուսները այդպես չէին վարվի, եթե չիմանային, որ նույնքան նվաստացուցիչ են վերաբերվել նույն ազատամարտիկներին Հայաստանում, որոնց թվում է նաեւ Հրաչյա Հարությունյանը: Էլ չեմ խոսում այն նվաստացուցիչ փաստի մասին, որ երկրի համար կյանք տված մարդը գնացել էր այլ երկրում կոպեկ վաստակելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել