168.am-ը գրում է․

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ ԼՀԿ-ն դիմել է Կառավարությանը և Ազգային ժողովին և առաջարկել է վերջին մեկ տարում ձևավորված պարգևավճարների ֆոնդը վերցնել այն անձանց դեպքում, երբ խոսքը վերաբերում է 400 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողներին, և այդ գումարներն ուղղել Կառավարության սոցիալական փաթեթների կիրառմանը և դրանք ընդլայնել:

«Այսօր նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է՝ 700 հազար դրամից հասել է 1,5 մլն դրամի, խորհրդարանում պատգամավորները 30 տոկոսի չափով պարգևավճար են ստացել: Այսինքն՝ ղեկավար կազմի պարգևավճարների ֆոնդերն առաջարկել ենք ամբողջությամբ ուղղել սոցիալական փաթեթներին: Օրինակ՝ տեքստիլ ֆաբրիկան իր աշխատակիցներին աշխատանքից չի ազատել, բայց ուղարկել է տուն՝ հույս ունենալով, որ նորից կաշխատեն, բայց հիմա Կառավարությունն ասում է՝ այն աշխատակիցներին, որոնք աշխատանքից ազատվել են, նրանց աջակցելու են, այսինքն՝ ստացվում է, որ այս մարդիկ չեն ազատվել, բայց չեն էլ կարող աջակցություն ստանալ, այսպես շատ դեպքեր կան»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Նա անդրադարձավ նաև երեկ ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ  ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Էլեկտրոնային հաղորդակցման մասին օրենքում և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պանդեմիայի պայմաններում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնել, ըստ որի՝ միասնական հարթակում հավաքվելու է անձանց հեռախոսային խոսակցությունները՝ կորոնավիրուսով վարակվածների  հնարավոր շրջանակը բացահայտելու համար:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ նախագծի հետ կապված առաջարկներ չեն ներկայացրել, քանի որ նախագիծն իր էությամբ սխալ է և որևէ օգուտ չի տալու պանդեմիայի դեմ պայքարին, և հակառակը՝ վնաս է հասցնելու երկրի ժողովրդավարությանը:
«Մենք երկրորդ ընթերցմամբ էլ ենք դեմ քվեարկելու»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է 7-օրյա կարանտինին, որի ժամկետն այսօր լրանալու է, ապա, Մարուքյանի կարծիքով՝ անհրաժեշտ է այն երկարաձգել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել