«Իրատես» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ն, այսպես ասած, ժամկետանց նախագիծ էր քննարկում, որն այսօր արդեն հազիվ թե մեծ օգուտ տա։ Արտակարգ դրությամբ պայմանավորված` կառավարությունը որոշել է հատուկ միջոցով, «սարքով» տեղորոշել քաղաքացիներին, այսինքն բջջայինի քարտերի միջոցով պարզել, թե երկու եւ ավելի անձինք գտնվե՞լ են այն տարածքում, որտեղ համաճարակի վտանգ կա։
Համաճարակի պատճառով անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքներին միջամտելու մասին կառավարության այս նախագիծը որքան անհասկանալի էր ընդդիմադիրներին, այնքան էլ իշխանության ներկայացուցիչների շրջանում էր հարցեր առաջացնում։
Առավել անտրամաբանական է այն դրույթը, երբ քաղաքացիների զանգերը պիտի վերահսկվեն, հասկանալու, թե վարակվածը x ժամանակահատվածում քանի մարդու հետ է խոսել։
Այլ խոսքով, մի օրենքի խառը նախագիծ, որն ավելի շատ մարդկանց վերահսկողության տակ է պահում, բարդացնում, կառավարելի դարձնում նրանց կյանքը, քան լուծում առողջապահական խնդիրը, էլ չենք խոսում մարդկանց անձնական տիրույթ ներխուժելն ու հեռախոսազանգերը լսելը։ Եթե կառավարությունը գաղափարների, պատկերացումների շատ ցածր նշաձող ունի ու չգիտի, թե ինչ քայլերի հերթականությամբ պետք է պայքարել խնդիրների դեմ եւ երբ են պետք իրականում նման նախագծերը, ճիշտ կլինի, որ գոնե խորհրդակցի բանիմաց մարդկանց հետ, համաճարակի ժամանակ այլ երկրների փորձը եւս դիտարկի։ Այլապես տպավորություն է, թե կառավարությունը փորձում է այս իրավիճակում սեփական ցանկությունները՝ մարդկանց կյանք ներխուժելու, վերահսկելի դարձնելու, կյանքի կոչել։
Հաշվի առնելով, թե համապատասխան մարդկանց ձեռքում ինչ տեղեկատվական բազա է կուտակվում, բավական մեծ ռիսկեր ունի այս նախագիծը, այսինքն՝ ի՞նչ է լինելու այդ տվյալների հետ, եթե համաճարակի վտանգն ավարտվեց, ո՞վ է երաշխավորելու քաղաքացուն, որ իրեն դրանից հետո էլ չեն «տեղորոշելու», անընդհատ չի հայտնվելու ոմանց ուշադրության տիրույթում։
Աչքի տակ ունենալով այսօրվա իշխանության բազում սխալներն ու անլրջությունը, չենք զարմանա, որ մի օր այդ տվյալները կդառնան բոլորի սեփականությունը եւ ով ինչպես ցանկանա, կարող է այս կամ այն մարդուն «տեղորոշել», հատ-հատ հետեւել նրա քայլերին ու դարձնել իր անառողջ մտքերի զոհը։ Կամ հենց պետական ապարատի ձեռքում կարող է այսպիսի օրենքը գործիք դառնալ, անցանկալի մարդկանց դեմ կիրառվող հզոր զենք, որպեսզի ոչ մեկը չհամարձակվի անգամ հակաիշխանական բառ ասել, էլ ուր մնաց գործողությունների դիմել։
Կա հարցի նաեւ ֆինանսական կողմը, այսօր երբ վիրուսի տարածմամբ պայմանավորված անգամ թեստերի քանակի հետ կապված խնդիր ունենք, ճիշտ չէ՞ր լինի, որ այս նախագծի իրագործման համար տրամադրած գումարներն այդ ուղղությամբ ծախսվեին ու ավելի շատ մարդկանց թեստավորեին, քան նրանց զանգերը վերահսկեին, պարզեին, թե այդ մարդն ում հետ ինչ ու երբ է խոսել»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի՝ 31.03.20թ. համարում։