Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է մի տեսանյութ, որը նրան հետևող թուրքերից շատերի սրտով չի եղել:
Ինստագրամում 163 մլն հետևորդ ունեցող աստղը, ով կարանտինի օրերին շատերի նման ինքնամեկուսացվել է տանը, արևելյան հայտնի ուտեստ՝ լահմաջո է պատվիրել։
Տեսանյութում Քարդաշյանը հարցրել է, թե արդյո՞ք գիտեն ինչ է լահմաջոն և ասել է, որ այն «հայկական պիցցա» է։
Թուրքիայում նույպես շատ տարածված լահմաջոյի մասին տեսանյութը խիստ զայրացրել է թուրք օգտատերերին։ Նրանք տարբեր մեկնաբանություններ են գրել Քարդաշյանի լուսանկարների տակ։ Քարդաշյանի տեսանյութին արձագանքել են նաև Թուրքիայում հայտնի երգչուհիներ Դեմեթ Աքալընը և էբրու Փոլաթը։
Աքալընը Քարդաշյանի հրապարակած լուսանկարի տակ անգլերեն գրել է․ «Լահմաջոն թուրքական է», իսկ Փոլաթը թուրքերեն է գրառումն արել․ «Լահմաջոն հայկական պիցցա չէ, հարգելիս»։
Նշենք, որ լահմաջոն հաճախ անվանում են հայկական և արաբական պիցցա։ Այն լայն տարածում ունի նաև Թուրքիայում։
Քարդաշյան քույրերը, ինչպես հայտնի է, հաճախ են հարուցում թուրք օգտատերերի զայրույթը համացանցում։ Հատկապես ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը ցուցաբերած աջակցությունից հետո Քարդաշյան քույրերը հաճախ են թիրախավորվում թուրքերի կողմից։