168.am-ը գրում է․

Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Հիշեցնենք, որ այդ նախագծով նախատեսվում են արտակարգ դրության ընթացքում անձնական տվյալների պաշտպանության և հաղորդակցության ազատության իրավունքի սահմանափակման առանձին ընթացակարգեր, որոնք կիրառելի են բացառապես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում, մասնավորապես` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների /Beeline, Vivacell, Ucom/ կողմից կառավարության կողմից նշված պետական մարմիններին և իրավաբանական անձանց հաճախորդի տեղորոշման, հաճախորդի հեռախոսահամարի հետ կապ ունեցած հեռախոսահամարների, հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթվի, սկզբի և ավարտի վերաբերյալ տվյալների տրամադրում:

168.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով այդ օրինագծին, ասաց, որ, եթե անգամ ընդունենք, որ իշխանությունների նպատակն անկեղծ է, ու նրանք ուզում են այս օրինագծով խոչընդոտել կորոնավիրուսի տարածմանը, իրեն բացարձակապես համոզիչ չի թվում, որ այդ օրենքի ընդունմամբ պայքարն ավելի արդյունավետ է լինելու:

«Ինձ բոլորովին չի համոզում, որ այդ տոտալ վերահսկողությունը նպաստելու է կորոնավիրուսի տարածման խոչընդոտմանը, որովհետև հիմա բազմաթիվ երկրների օրինակներ կբերեն, բայց դա համոզիչ չէ, քանի որ այն երկրները, որոնք ամենաարդյունավետն են գործում կորոնավիրուսի տարածման դեմ, այլ եղանակներով են պայքար մղում»,- ասաց Ավետիք Իշխանյանը` հավելելով, որ այդ երկրներից, օրինակ, Գերմանիան, Հարավային Կորեան ու Չինաստանը  գնացել են վարակի տարածման օջախների մեկուսացման, ուժգին վերահսկողություն իրականացնելու և, ամենակարևորը, հսկայական թվով թեստավորումներ իրականացնելու ճանապարհով ու հաջողել են:

Իրավապաշտպանը վստահ է, որ այս անհեթեթ օրինագիծն իրականում շրջանառության մեջ է դրվել այլ նպատակներով:

«Եթե սա անկեղծ է, ապա ընդամենն անարդյունավետ է, բայց չեմ կարծում, որ այդ աստիճանի պրիմիտիվ նախագիծ կներկայացնեին: Իշխանությունների ինտելեկտի մասին ես ավելի բարձր կարծիք ունեմ և կարծում եմ, որ այս առիթն օգտագործում են մարդկանց, և չի բացառվում՝ նաև քաղաքական ընդդմախոսների նկատմամբ տոտալ վերահսկողություն իրականացնելու համար: Սա ինձ հիշեցնում է Օրվելի «1984»-ը»,- ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը:

Ավետիք Իշխանյանը նշեց, որ բավական չէր, որ  Օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասին օրենքում փոփոխություններ կատարեցին և Ոստիկանությանը հնարավորություն տվեցին վերահսկելու, հիմա էլ, օգտվելով այս իրավիճակից, կարծես թե ուզում են ավելի ընդլայնել մարդկանց ներքին կյանքին խառնվելու, ինֆորմացիային տիրապետելու հնարավորությունները:

Մեր հարցին, թե արդյո՞ք բջջային օպերատորները հեշտությամբ կգնան այդ քայլին, քանի որ առանց այդ էլ հիմա էլ են մարդիկ թերահավատ, որ իրենց չեն լսում, ու ավելի շատ օգտվում են այլընտրանքային կապի միջոցներից, այլ մեսինջերների հավելվածներից, և այդ պարագայում չե՞ն վախենա բաժանորդներ կորցնելուց, իրավապաշտպանն ասաց, որ ինքը թեպետ չի տիրապետում տարբեր տեխնոլոգիաների, բայց չի բացառում, որ մեր նշած մեսինջերներն էլ չեն վերահսկվի նույն սոուսի տակ:

«Ես դա լրիվ հնարավոր եմ համարում, մանավանդ որ, մի առիթով ասել եմ, որ նկատում եմ, թե մարդիկ ինչպես են զգուշանում հեռախոսային խոսակցություններից ու օգտվում են Ձեր նշած կապերից: Խոսակցություններ կան, որ դրանք նույնպես վերահսկվում են, թեպետ չգիտեմ, թե որքանով են այդ խոսակցությունները հավաստի»,- ասաց իրավապաշտպանը:

Դիտարկմանը, թե նախագծով նախատեսվում է, որ արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ արտակարգ դրությունից հետո ըստ էության հավաքագրված ինֆորմացիան պետք է ոչնչացվի, և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ այսօր ասաց, որ այդ տվյալներն այլ նպատակով օգտագործողների համար քրեական պատասխանատվություն է սահմանված, Ավետիք Իշխանյանը պատասխանեց, որ նախ հայտնի չէ, թե դեռ որքան կտևի արտակարգ դրությունը, որովհետև դա շատ անորոշ է:

«Բացի դրանից, ես ի՞նչ երաշխիք ունեմ ու ինչո՞ւ պետք է հավատամ, որ այդ ինֆորմացիան իսկապես ոչնչացվելու է, ու այն չի օգտագործվելու ընդդեմ տարբեր գործիչների: Նախ՝ հիշենք մի կարևոր բանի մասին, որ Հայաստանում, որպես այդպիսին, իշխանությունների տարանջատում գոյություն չունի, և դա՝ ոչ միայն այս իշխանությունների ժամանակ: Ուղղակի այս իշխանությունները ժառանգեցին այդ համակարգը ու բացարձակապես չեն ուզում այն բարեփոխել: Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և քննչական մարմինները նախկինի պես գտնվում են վարչապետի ենթակայության ներքո, ու նրա գվարդիաներն են հանդիսանում: Ուրեմն այս դեպքում, երբ նրանց վրա որևէ այլ վերահսկողություն չկա, ես ի՞նչ երաշխիք պիտի ունենամ…»,- ասաց իրավապաշտպանը:

Ավետիք Իշխանյանը հիշեցրեց նաև իր այն համոզմունքը, որ ժողովրդավարությունը հեղափոխականություն չէ:

«Ժողովրդավարական երկրում իշխող քաղաքական ուժը չի կարող ունենալ 50 տոկոսից ավելի ձայն: Այն առավելագույնը կարող է ունենալ 30-40 տոկոս ձայն: Եվ երբ հեղափոխության արդյունքում, որը դեռևս ժողովրդավարություն չէ, որևէ քաղաքական ուժ ստանում է 70 և ավելի տոկոս սահմանադրական մեծամասնություն, ապա այդ դեպքում, ինչպես հայտնի գործիչն է ժամանակին ասել, նրանց դեմ խաղ չկա»,- եզրափակեց Ավետիք Իշխանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել