Իհարկե, ողջունելի է ԱՄՆ կողմից այս մարդասիրական քայլը, որում առաջին հերթին անգնահատելի է Հայ դատի հանձնախմբի դերը, քանի որ փաստացի կառույցի անդամների շնորհիվ է Հայաստանը ներառվել այդ ցանկում, սակայն մյուս կողմից ականատես ենք դառնում բավականին ուշագրավ փաստի։

Այն դեպքում, երբ Սփյուռքի կառույցները ջանք ու եռանդ չեն խնայում Հայաստանին որոշակի օգնություն ցուցաբերելու հարցում, մեր իշխանությունները, արհամարհելով հանրության շրջանում առկա դժգոհությունները, շարունակում են պետական բյուջեի անխնա թալանը։

ԱԺ կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ միայն փետրվար ամսին պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը պարգևատրվել են 61 միլիոն դրամով։ Էլ չեմ նշում այն, որ 2019 թ.-ին ԱԺ այդ պարգևավճարները հասել են 3 միլիոն դոլարի, չհաշված նախարարություններին, մարզպետարաններին և այլ կառույցներին տրամադրվածները։

Այսինքն՝ մեր պետական բյուջեից պարգևավճարների համար տրամադրված գումարի չափը եռակի, նույնիսկ քառակի ավել է ԱՄՆ տրամադրված օգնությունից։

Եթե այդ գումարները ժամանակին հատկացված լինեին համապատասխան ոլորտներին, այսօր չէինք սպասի, թե որ երկրից կամ որ միջազգային կառույցից օգնություն կուղարկվի Հայաստանին։

Հ.Գ. Ամեն ինչ չափ ու սահման պետք է ունենա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել