1in.am-ը գրում է.

Ռազմաուսումնական հաստատություններ այս տարի առաջին անգամ կարող էին դիմել նաև աղջիկներ: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ աղջիկ դիմորդները շատ չեն, բայց կան, նրանց ստույգ թիվը պարզ կլինի ընդունելության քննություններից հետո։ 

ՊՆ մամուլի քարտուղարը հերքեց այն կարծիքը, թե աղջիկների ներգրավումը բանակ քանակ լրացնելու նպատակ ունի: «Բացարձակապես՝ ոչ, ընդամենը մի քանի աղջիկ պիտի սովորեր, ինչպե՞ս կարող էին մի քանի աղջիկներ քանակ լրացնել, եթե այդպիսի խնդիր լիներ: Աղջիկների ծառայությամբ մարդկանց իրավունքներն են հավասարվում»,- ասաց նա: Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանմամբ՝ դա ընդամենը բանակի բարեփոխումների տրամաբանությամբ է արվել: Այսպիսով իրավունքներն ու հնարավորությունները հավասարվում են: Բացի այդ, աշխարհում նման փորձ կա, ՊՆ-ն էլ փորձում է այդ փորձը կիրառել: Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է առաջիկայում աղջիկները զորակոչվեն բանակ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Առայժմ՝ ոչ»: Եթե ռազմաուսումնական հաստատություններ դիմած աղջիկներն ընդունելության քննությունների մրցույթն անցնեն, 4 տարի հետո հայոց բանակը կունենա աղջիկ սպաներ: 

Հիշեցնենք, որ ՊՆ-ի հայտարարության համաձայն՝ 2013-2014 ուսումնական տարում ռազմաուսումնական հաստատություններում սովորելու իրավունք ստացան նաև աղջիկները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել