1in.am-ը գրում է.
Չնայած աշխարհում թմրամոլության դեմ պայքարի միջոցառումներին՝ թմրամոլության աճ է նկատվում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում: Թմրանյութերի հիմնական օգտագործման նպատակը հաճույք ստանալն է, ինչին հաջորդում է կախվածությունը:
Այսօր ՀՀ առողջապահության նախարարության նարկոլոգիական բաժանմունքում 2013 թ. հունվարի 1-ի դրությամբ ունենք 4332 հաշվառված թմրամոլ: 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ ունեցել ենք գրանցված 3893 թմրամոլ, իսկ 2011 թ. դրությամբ նրանց թիվը եղել է 2751: Լրագրողների հետ հանդիպմանը նման վիճակագրություն ներկայացրեց ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ, Նարկոլոգիական կլինիկայի ղեկավոր Պետրոս Սեմերջյանը:
Նրա խոսքերով՝ գոյություն ունի նաև երկրորդ վիճակագրություն, որի ժամանակ օգտագործվում է ուսումնասիրման լիսաբոնյան մեթոդիկան, որից օգտվում են աշխարհի շատ երկրներ: Ըստ դրա՝ Հայաստանում ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կա 12 700 թմրամոլ:
Ինչ վերաբերում է թմրամոլների տարիքային խմբերին, ապա նրանց մեծ մասը 30-40 տարեկան է, հիմնականում՝ Երևանի ու Արմավիրի բնակիչներ: Թմրանյութեր օգտագործողների մոտ առաջին հերթին ախտահարվում են լյարդն ու գլխուղեղը:
Ինչ վերաբերում է նրանց բուժմանը, ապա նարկոլոգը տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում, իսկ ոչ ՀՀ քաղաքացիների համար բուժումն արժե 144 հազար դրամ:
Պետրոս Սեմերջյանը հայտնեց նաև, որ բուժման կուրսը 10-24 օր է, որի ավարտից հետո անձը 100 տոկոսով բուժվում է թմրամոլությունից: «Եթե մարդն անցնում է բուժման կուրս, կախվածությունն ավարտվում է, ու մարդը վերադառնում է բնականոն կյանք»,- ասաց նա: