Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մարտի 26-ին ժամը 09։00֊ից 18։00-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 349 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը։

«Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 18։00-ն մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 635 անձի նկատմամբ կազմվել են արձանագրություններ, 299՝ մայրաքաղաքում, 336-ը՝ մարզերում։ Մարտի 26-ին ժամը 9-ից 18-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 491 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել է 2-ից ավելի անձ, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 18-ը՝ 1176 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից», - գրել է Ահարոնյանը։

Նա նշել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 26 վարորդի նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ։

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ ոստիկանությունը հորդորում է մարդկանց խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել