Հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից, ամսական ստանում է շուրջ 1 մլն 200 հազար դոլար, ինչը 3-4 անգամ ավելի է, քան ամենավարկանշային մասնավոր հեռուստաընկերության վաստակած գումարը, սակայն նրա վարկանիշը միեւնույն է, զիջում է այդ հեռուստաընկերություններին 3-4 անգամ։ Սա պարզապես վկայում է Հ1-ում տիրող անարդյունավետ կառավարման, եւ ինչու ոչ՝ նաեւ գանձագողության մասին, եւ լրացուցիչ գումարը չի ավելացնի հաղորդումների որակը, այլ պարզապես կմսխվի։ Ոչ մասնագետների համար ասեմ, որ նոր գովազդային հարթակի ավելացումը չի ավելացնում գովազդային գումարները, այլ պարզապես տանում է առկա լրատվամիջոցների միջեւ ընդհանուր բյուջեի վերաբաշխման։
Որպես լրացուցիչ փաստարկ բերվում է ոլորտում տիրող մենաշնորհը վերացնելու խնդիրը։ Ես այս ոլորտում աշխատել եմ շուրջ 20 տարի, եղել եմ մենաշնորհի վերացման ջատագովը։ Ի դեպ, ոլորտի իմ կատարած հետազոտությունը ներկայացվեց նաեւ իշխանությունների կողմից, բնականաբար, որպես իրենց սեփական մտքի արգասիք, սակայն 4-5 տարի առաջ կատարված գործը ներկայացվեց որպես օրվա պատկեր, ինչը բնական է իշխանությունների մտքի թռիչքի համար։ Իսկ այսօրվա իրականությունն այն է, որ վերջին տարիներին մեդիա դաշտում կատարված փոփոխությունների հետեւանքով մենաշնորհն արդեն վերացել է, պարզապես պետք է թվերը կարողանալ կարդալ։
Կուզեի մի քանի նկատառում անել այս փոփոխությունների վերաբերյալ․
- Մեդիա դաշտի ստեղծված կառուցվածքը հնարավորություններից լավագույնն է գովազդային շուկա ձեւավորելու և լուրջ գովազդային բյուջեներ ներգրավելու համար։ Այն նաեւ չափազանց փխրուն է, եւ ամեն չմտածված քայլ կարող է պարզապես փլուզել շուկան՝ ողջ հայկական մեդիային զրկելով արժանապատիվ գոյության հնարավորությունից։ Բնականաբար, այս փոփոխությունների դեպքում ողջ մեդիա դաշտից ասվածը չի վերաբերվի միայն Հ1-ին, որը ունի կայուն պետական ֆինանսավորում։
- Ազդակներ կան, որ մենաշնորհը քանդելու անվան տակ այս օրինագծի ընդունումը նպատակ ունի նոր մենաշնորհ հաստատել հօգուտ մեկ այլ ալիքի, եւ Հ1-ը պարզապես որպես մանրադրամ է օգտագործվում այդ ալիքի կլողմից։ Իմ խորհուրդն է՝ չգնալ նման արկածախնդրության, հանրապետությունում իրավիճակի կայունացումից հետո անցկացվելիք արածի ու չարածի ինվենտարիզացիայի դեպքում այս ավանտյուրիստները կարող են էապես տուժել։
- Պարզապես սարսափելի է, որ այս փոփոխությունները իրականցվում են հենց հիմա՝ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ, երբ ԱԺ պատգամավորները խախտելով համաճարակի տարածման կանոնները՝ միգուցե նաեւ իրենց կյանքի ու առողջության գնով, պետք է ընդունեին միայն իրավիճակի հետ կապված, միայն ամենաէական օրենքները։ Մինչդեռ, ինչպես այս օրինագծի ընդունումն է ցույց տալիս (ի դեպ, նաեւ՝ Varks.am-ի հետ կապված պատմությունը), իշխանությունները առիթը բաց չեն թողնում աղետի պահին էլ գնալու մեծ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքների։
Իշխանությունների մասին գնահատականներ չեմ տալիս։ Կարծում եմ, արդեն բոլորն են հասկացել, թե այս փորձանքի պահին ինչ աղետալի իշխանություններ ունենք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/3035797479814689
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել