Pastinfo.am-ը գրում է․

Փաստաբան Նորայր Նորիկյանը հասկանալի համարելով խնդրի նրբությունն ու քրեադատավարական ընթացակարգերի կարեւորությունը, այդուհանդերձ կարծում է, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում դատական նիստերի հետաձգումը տրամաբանական որոշում է:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին, Նորայր Նորիկյանը շեշտեց՝ վարակը չի հարցնելու դատավոր ես, դատախազ, թե դատավարական կարգավիճակ ունեցող անձ:

«Հասկանալի է, որ հայտնվել ենք արտակարգ իրավիճակում, ինչը ենթադրում է արտակարգ լուծումներ: Մենք հիմա իսկապես գտնվում ենք նախադեպը չունեցող միջավայրում, որից յուրաքանչյուր գերատեսչություն, ըստ էության, պայմանավորված նաեւ արտակարգ դրություն հայտարարելու որոշման դրույթների տրամաբանությունից, կայացնում է իր գերատեսչության լիազորություններին ու պատկերացումներին համահունչ որոշումներ»,-ասաց Նորիկյանը՝ ակնկալելով, որ մի քանի օր անց իրավիճակը հնարավոր կլինի հաղթահարել:

Նշենք, որ արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները տարածվում են նաեւ դատական համակարգի վրա: ԲԴԽ որոշմամբ ՀՀ բոլոր դատարաններում նվազագույնը մեկ նիստերի դահլիճ է կահավորվել տեսաձայնային անհրաժեշտ սարքավորումներով՝հեռավար դատական նիստերի անցկացման նպատակով, սակայն, իրավիճակով պայմանավորված բազմաթիվ գործերով նիստեր հետաձգվում են:

Փաստաբանն ասաց, որ շուրջ 50 գործի քննություն հետաձգվել է միայն իրենց գրասենյակի վարույթից: «Նաեւ քրեական գործեր ունենք, դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու դիմում , խափանման միջոց գրավի կիրառելիության խնդիր ունենք, վարչական դատարանում ունենք բազմաթիվ գործեր, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում… Բայց, նայեք, ողջունելին այն է, որ անձամբ ես չեմ դիմել դատական նիստերը հետաձգելու միջնորդությամբ, երբ ես զանգահարել եմ՝ աշխատակարգային կարգով, իմանալու, թե դատական նիստերը կայանալո՞ւ են, թե ոչ, աշխատակազմերն իրենք են տեղեկացրել, որ բոլոր դեպքերում նաեւ ԲԴԽ որոշումների եւ հայտարարությունների լույսի ներքո, նպատակահարմար է համարվել հետաձգել դատական նիստերը»,-մանրամասնեց փաստաբանը՝ շեշտելով, որ խոսքը գնում է այդ թվում դատավարական կարգավիճակ ունեցող մեղադրյալների եւ բոլոր նրանց անվտանգության մասին, ում խափանման միջոցների կիրառման հարցն է քննարկվում:

«Այդ անձանց առողջության շահը վեր է բոլոր տեսակի գործունեությունից ես կարծում եմ, որ պետք է ըմբռնմամբ մոտենալ խնդրին միաժամանակ, արձանագրում եմ, որ այս պիկից հետո, բնականաբար, դատական ամբողջ համակարգը պարտավոր է լինելու աշխատել առավել գերծանրաբեռնված գրաֆիկով՝ բաց թողնված օրերը հաղթահարելու եւ դատաիրավական համակարգը բնականոն հուն վերադարձնելու համար»:

Ինչ վերաբերում է մարդու իրավունքների եւ մասնավորապես, արդար դատաքննության իրավունքին, որը տվյալ իրավիճակում, փաստացի տուժում է, փաստաբանն ասաց.«Եթե սա տեւականություն ենթադրեց, Աստված մի արասցե, բնականաբար, այդ հարցին պետք է անդրադարձ կատարվի: Նախ, թողնենք խաղաղ պայմաններում ողջամիտ ժամկետներում դատաքննություն անցկացնելու հանգամանքը, տվյալ դեպքում ակնհայտ է, որ անորոշ ժամկետում դատական նիստերի հետաձգումը կարող է ընդհանրապես վտանգի տակ դնել արդարադատության իրականացման ողջ պրոցեսը՝ խախտելով մի շարք անձանց արդար դատաքննության իրավունքը եւ տարբեր այլ իրավունքներ»:

Ըստ Նորիկյանի, մի քանի օր կարելի համբերատար սպասել , հակառակ դեպքում պետությունը պետք է իրավիճակից բխող միջոցառումներ ձեռնարկի, այդ թվում՝ անհապաղ օրենսդրական կարգավորումների տեսքով: « Պետք է այնպիսի պատուհան ստեղծվի, որը թույլ կտա , որպեսզի որեւէ մեկի իրավունքը չխախտվի , այս պահին դժվար է դեղատոմս առաջարկել, լավատես լինելով հույս ունեմ, որ կարճ ժամանակում դուրս կգանք այս իրավիճակից»,-եզրափակեց փաստաբանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել