168.am-ը գրում է․

Ազգային ժողովում քննարկվում է Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու  հարցը:

Նախագծի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ այժմ խորհրդարանն ընդունում է ոչ թե դատավորների անկախությունն ապահովող, այլ կախվածության մեջ դնելուն միտված մի օրենք:

«Մենք ուղիղ մեկ տարի ծախսեցինք դատական իշխանության նկատմամբ հարձակումներ կազմակերպելու համար, մենք ասելով՝ նկատի ունեմ քաղաքական իշխանությանը: Հիմա այս նախագծով հասարակական այն ընկալումները, որոնք այդ մեկ տարվա ընթացքում ձևավորել ենք, չենք փարատում, որովհետև այս նախագիծն ուղղված չէ նախկինում սխալ վարքագիծ դրսևորած դատավորներին համակարգից հեռացնելուն, այն ուղղված է բացառապես հետագայում դատավորներին համակարգից հեռացնելուն, եթե սխալներ թույլ տան: Փաստորեն, մենք թողնում ենք վատ դատավորներին համակարգում և ավելացնում ենք ընդամենը նրանց նկատմամբ վերահսկողություն սահմանելու գործիքակազմ: Սա, մեր կարծիքով՝  սխալ լուծում է, որովհետև այս լուծման պարագայում մենք արդար և լավ դատավորների նկատմամբ հավելյալ և անհարկի գործիքներ ենք կիրառում, որ նրանց անկախությունը կաշկանդենք:

Դուք ասում եք, թե մենք դատավորների անկախությունը երաշխավորող նախագիծ ենք ընդունում, բայց հակառակն է, մենք ընդունում ենք դատավորների կախվածությունը երաշխավորող նախագիծ»,- ասաց  Սիմոնյանը՝ ընդգծելով, որ այս նախագծով տրվում է հնարավորություն՝ հայեցողական վարույթներ հարուցել դատավորների նկատմամբ:

«Այս նախագծով մենք ծանրացնում ենք դատավորի կախվածությունն այլ դատավորներից և գործադիրից»,- խոսքը եզրափակեց Սիմոնյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել