Pastinfo.am-ը գրում է․

Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվել է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։ Նախագծի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Նաիրա Զոհրաբյանը, Հարություն Բաբայանը։

«Սույն կարգավորումը հիմնական երկու նոր գործիք է նախատեսում։ Առաջինը՝վճարովի հիմունքներով ուսուցում միջին և նախնական մասնագիտական կրթական հաստատություններում, և երկրորդ կարգավորումը, որը չէի անվանի ինստիտուցիոնալ, քանի որ ժամանակավոր է, դա արվեստի քոլեջները, ուսումնարաններն ավարտելուց հետո համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցում չունեցող բուհերում երկրորդ կուրսում առկա ուսուցում ստանալու հնարավորությունն է»,-ներկայացնելով նախագիծն ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։

Նա տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում խմբակցությունների կողմից առաջարկներ չեն ներկայացվել, սակայն ԿԳՄՍ նախարարություն կողմից բանավոր ներկայացված բոլոր առաջարկներն ընդունվել են և դրանք հիմնականում տեխնիկական բնույթ են կրում։

Հարակից զեկուցող, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ նախագծի երկրորդ հատվածը ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի ընդունումից հետո հեռակա կրթությունը մնալու է անցյալում և անցում է կատարվելու կրեդիտային համակարգին։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ նշեց, որ նախարարության վերաբերմունքը նախագծին բացասական է ու կոչ արեց դեմ քվեարկել դրան։ Մխիթար Հայրապետյանն էլ արձագանքելով ասաց, որ ի աճուկս այդ դիրքորոշման մինչև 2-րդ ընթերցում նախարարությունը կառուցողական ձևով աշխատել է նախագծի հեղինակների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել